Դատավորն օրենք չգիտի՞

Դատավորն օրենք չգիտի՞

ԷկոԼուր

Նեմո դելֆինարիայի գործով դատական լսումները վարող դատավոր Ռուզան Հակոբյանը իրազեկված չէ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքից: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Հիշեցնենք, որ «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունները դիմել են ՀՀ վարչական դատարան` անգործության մեջ մեղադրելով Բնապահպանության նախարարությանը` դելֆինարիայի վերաբերյալ բնապահպանական փորձաքննություն չանցկացնելու համար:  Հայցվոր կողմը նոյեմբերի 2-ին տեղի ունեցած դատական լսումների ժամանակ դելֆինարիայի տնօրինությունից պահանջել էր ներկայացնել դելֆինարիային առնչվող ամբողջ փաստաթղթային փաթեթը, ընդհուպ մինչեւ դելֆինների ներկրման փաստաթղթերը: Դատավոր Ռուզան Հակոբյանը փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանել նոյեմբերի 18-ը:

Սակայն դելֆինարիումի տնօրինությունը 10 օր ուշացումով` նոյեմբերի 28-ին, դատարան է ներկայացրել միայն դելֆինարիայի կառույցի վերաբերյալ ինժեներատեխնիկական փաստաթղթեր: «Մեր իրավաբան Լևոն Օհանյանը պահանջեց այս փաստաթղթերը հանել դատական գործընթացից, քանի որ դրանք ուսումնասիրված չեն եւ ներկայացվել են ժամկետից ուշ: Նա նաեւ մի քանի անգամ շեշտեց, որ դրանք բնապահպանական փորձաքննության հետ կապ չունեն: Սակայն, ի զարմանս մեզ, դատավոր Ռուզան Հակոբյանը, որը ի գիտություն բոլորի, չի տարբերում բնապահպանական փորձաքննությունը սովորական նախագծային փաստաթղթերից, պնդեց, որ այդ փաստաթղթերը մնան որպես ապացույց»,- ասաց Սիլվա Ադամյանը` նշելով, որ դելֆինարիայի տնօրինությունը պարտավոր էր այդ փաստաթղթերը նախօրոք, նախատեսված ժամկետում  ներկայացնել հայցվոր կողմին` ուսումնասիրության համար, ինչով պայմանավորված խախտվել է դատարանի օրակարգը:

Այսպիսով Նեմո դելֆինարիայի գործով նախնական դատական լսումներն ավարտվեցին, իսկ բուն դատական նիստի մասին կողմերը կտեղեկացվեն ավելի ուշ:

Դեկտեմբեր 01, 2011 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր