

ԷկոԼուր
Նոր ահազանգ Նալբանդյան 106/1 հասցեից` «Ավագշին»-ը տեղափոխում է ծառերը: Այս մասին ահազանգում են Facebook-ի ակտիվիստները: «Չնայած Նալբանդյան 106/1-ում աշխատանքները պաշտոնապես դադարեցված են, սակայն այս պահին «Ավագ Շին»-ը ապօրինաբար տեղափոխում է տարածքի ծառերը, ինչը արգելված է կատարել ձմռանը»,- ասված է «Մեր քաղաքը» նախաձեռնության հայտարարության մեջ:
Նալբանդյան 106/1 բնակիչներին պետք է օդ և կանաչ տարածք
Tert.am
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ծննդյան տոներից անմիջապես առաջ հայտարարել էր, որ Երևանի Ն ալբանդյան 106/1 հասցեի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը կկասեցվի:
Չնայած այս հայտարարությանը, Tert.am-ը ահազանգ էր ստացել, որ Նալբանդյան 106/1 հասցեում ինչ-որ շինարարական աշխատանքներ են ընթանում: Տեղում պարզվեց, որ դրանք վերաբերում են տարածքի շրջակա ավտոտնակների մաքրմանը։
«Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, որը Ստեփան Սաֆարյանի և բնապահպանների հետ առաջիններից արձագանքեց Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչների բարձրացրած SOS ազդանշանին, Tert.am-ին հայտնեց, որ շինարարությունն իրականացնող «Ավագշին» ընկերությունը այս տարածքում իրավունք ունի միայն շրջակա փոքր տնակների, քանդման և մաքրման աշխատանքներ իրականացնել:
«Սակայն, փոսին դեռ չեն կարող ձեռք տալ, քանի որ դրա թույլատվությունը դեռ չկա»,-մեկնաբանեց պատգամավորը: Նրա խոսքով թույլատվություն կարող է տրվել միայն, երբ «Ավագշինը» բնակիչներին կներկայացնի ապագա շենքի նախագիծը և այն հավանության կարժանանա բնակիչների կողմից: Հանդիպումն, ըստ պատգամավորի, նախատեսված է անցկացնել այս շաբաթ՝ բնակիչների և «Ավագշինի» ներկայացուցիչների մասնակցությամբ: «Բնակիչները հո չեն ասում, որ չէ, այդտեղ շենք չպետք է կառուցվի, նրանք դեմ են, որ բարձրահարկ կառուցվի, կողմ են, որ տարածքը կանաչապատվի»,- ասաց «ժառանգության» պատգամավորը:
Նշենք, որ 2011 թվականի վերջին «Ժառանգության» պատգամավորներ-բնակիչներ-«Ավագշին« ձևաչափով հանդիպման ընթացքում Գևորգ անունով ռուսաստանցի ներդրողը՝ (ներդրողին հայտնաբերելու համար «Ժառանգություն»-ից կառավարությանը մի քանի հարցապնդում պահանջվեց) խոստացել է «լցնել» շինարարության ժամանակ հատված ծառերի բները նոր ծառերով և խոստումը կատարել է:
Հիշեցնենք, որ բնակիչներն ու բնապահպանական ակտիվիստները ծառերի հատումը ժամանակին փորձում էին կանխարգելել̀ ծառերի բներին սպիտակ ժապավեններ և «այստեղ մեռնելու են ծառեր» գրություններ փակցնելով:
«Պարոն Տարոնը մեզ ասաց, թե մարդը ներդրում է կատարել, ի՞նչ պետք է անեք։ Մենք էլ ասացինք, թե համարժեք մի հողատարածք այլ տեղ տրամադրեք, թող կառուցի, իր գումարը հետ բերի»,- Tert.am-ին ասաց տարածքի բնակիչներից Կարինեն: Վերջինիս խոսքով̀ բնակիչների միակ պահանջը շարունակում է մնալ կանաչ գոտին:
«Հիմա մենք բանակցություններ պետք է վարենք, և մենք ուզում ենք միայն կանաչ գոտի, մեզ ուրիշ ոչինչ էլ պետք չէ: Մեր բակը, մեր բնակիչներով դարձնում ենք կանաչ գոտի»,-մանրամասնեց տիկին Կարինեն: Վերջինիս տեղեկացմամբ՝ ներդրողը առայժմ ձեռնպահ է մնում փոսային աշխատանքներից։
Բնապահպան Ինգա Զարաֆյանն այն կարծիքի է, որ Երևանի ներկա և նախկին երկու քաղաքապետները̀ Տարոն Մարգարյանն ու Կարեն Կարապետյանը ձևական են միջամտում Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչների բարձրացրած SOS-ին: «Յանի արձագանքում են»,-ասաց Ինգա Զարաֆյանն̀ ավելացնելով, որ այս խնդիրը սոսկ բնապահպանական կամ քաղաքաշինական խնդիր չէ, սա «հասարակական նշանակության տարածք» հասկացություն է: Ինչը նշանակում է, որ բնակիչը իրավունք ունի օդ շնչելու և դուրս գալու իր բնակարանի բակ:
Բնապահպանական ակտիվիստ, քաղաքաշինարար-ճարտարապետ Գագիկ Սուխուդյանի կարծիքով՝ Երևանի կենտրոնի նման խտության և Թումանյան, Սայաթ-Նովա փողոցների ծանրաբեռնվածության, և «խեղճուկրակ այդ նրբանցքի» պայմաններում անընդունելի է այդ տարածքում բարձրահարկ կառուցելը:
Հիշեցնենք Նալբանդյան 106/1 հասցեի հարակից շենքերի բնակիչների ահազանգին հետևած իրադարձություններն» ըստ ժամանակագրության. 2011 թվականին մայիսին բարձրացված աղմուկի հետևանքով Քաղաքաշինության նախարարի հրամանով մայիս ամսին կասեցվեց «Ավագշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի շինարարությունը, ինչից հետո պարզվեց, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանը տոնական օրով՝ մայիսի 28-ին՝ «Ավագշին»-ին թույլատրել է նշված հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կոյուղագիծ կառուցելու համար շինարարական աշխատանքներ իրականացնել:
Հետո Նալբանդյան 106/1 հասցեում ապօրինի շինարարության ու ծառահատումների փաստերի առնչությամբ նյութեր նախապատրաստվեցին, հետո գործը մտավ նաև դատարան, սակայն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց բնակիչների հայցը՝ «անհիմն լինելու» պատճառաբանությամբ:
Լուսանկարը` «Մեր քաղաք» նախաձեռնության
Հունվար 24, 2012 at 15:13
