Անցնենք հեծանիվներով երթեւեկելուն, կոչ է անում Կանաչաստան ՀԿ-ն

Անցնենք հեծանիվներով երթեւեկելուն, կոչ է անում Կանաչաստան ՀԿ-ն

Կանաչաստան ՀԿ

«Կանաչաստան» ՀԿ-ն առաջարկում է Երեւանում զարգացնել հեծանվային տրանսպորտը: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Հայաստանի մայրաքաղաքի էկոլոգիական վիճակը, որի օդը աղտոտված է ավտոմեքենաների արտանետումներով:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում արագ զարգանում է հեծանվային տրանսպորտը: Որոշ երկրներում, հատկապես Արեւելյան Ասիայի պետություններում (Չինաստանում, Հնդկաստանում, Հնդկաչին թերակղզու պետություններում եւ այլն), այն հանդիսանում է ուղեւորա- եւ բեռնափոխադրումների իրականացման հիմնական միջոցներից մեկը: Վերջին 30-40 տարիների ընթացքում հեծանվային տրանսպորտը բուռն զարգացում է ապրում եվրոպական պետություններում, որոնց շարքում դրոշակակիրներ են հանդիսանում Նիդերլանդները եւ Դանիան, իսկ վերջին տարիներին՝ Գերմանիան: Նիդերլանդներում հեծանվային տրանսպորտին բաժին է ընկնում ուղեւորափոխադրումների մոտ 27%-ը: Գերմանիայում հեծանվային տուրիզմը տարեկան արդեն ապահովում է 5մլրդ. եվրո շրջանառություն: 

Հետխորհրդային հանրապետություններից այս առումով առաջատարներն են Մերձբալթյան հանրապետությունները: Հեծանվային տրանսպորտի ներդրման առաջին քայլերն իրականացվել են Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Վրաստանում: Մոսկվայում նախատեսվում է մինչեւ 2016թ. կառուցել 119 կմ հեծանվաուղի: Պլանավորվում է, որ նախատեսված ժամանակահատվածում քաղաքի բնակչության մոտ 6%-ը (700 հազ. մարդ/) կօգտագործի հեծանիվը որպես հիմնական տրանսպորտային միջոց: 

Հայաստանում հեծանվային տրանսպորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացավ անկախացման առաջին տարիներին հատկապես Արարատյան դաշտի մեծ ու փոքր համայնքներում, որի պատճառը վառելիքային ճգնաժամը եւ բնակչության ծանր սոցիալ-տնտեսական վիճակն էին: Ներկայումս եւս այն լայնորեն շարունակվում է կիրառվել գյուղական համայնքներում որպես տրանսպորտային միջոց : 
Երեւան քաղաքում հեծանվային տրանսպորտի մասին սկսել են խոսել միայն վերջին տարիներին՝ որոշ բնապահպան ակտիվիստների ջանքերով: Սակայն առայժմ որեւէ գործնական քայլ չի արվել քաղաքում հեծանվային տարնսպորտի ներդրման եւ զարգացման ուղղությամբ:

Երեւան քաղաքում հեծանվային տրանսպորտի զարգացման անհրաժեշտությունը
Հեծանվային տրանսպորտն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ առողջապահական եւ սոցիալ-տնտեսական նշանակություն: Նախ նշենք, որ այն պետք է դիտարկվի որպես լիարժեք տրանսպորտային միջոց եւ ունենա բոլոր իրավունքներն, ինչ ունեն ուղեւորա եւ բեռնափոխադրումների մյուս միջոցները: 

Ինչո՞վ է պայմանավորված հեծանվային տրանսպորտի ներդրման անհրաժեշտությունը Երեւանում եւ դա ինչ նշանակություն կունենա քաղաքի համար.

1. Բնապահպանական - վերջին տարիների վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ Երեւանի օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը (մոտ 90%) հանդիսանում է ավտոտրանսպորտը: Հեծանվային տրանսպորտի ներդրումը կբեռնաթափի խցանումները քաղաքում և հնարավորություն կտա որոշակիորեն բարելավել քաղաքի օդի որակը: 

2. Առողջապահական - մայրաքաղաքային բնակչությունը սովորաբար վարում է պասիվ ֆիզիկական կյանք, որը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա: Հեծանվային տրանսպորտի ներդրումը կնպաստի երեւանցիների առողջության բարելավմանը: Հարկ է նշել նաեւ, որ հեծանիվն անաղմուկ երթեւեկության միջոց է, հետեւաբար այս տրանսպորտի ներդրումը կնվազեցնի քաղաքային միջավայրի աղմուկի մակարդակը, ինչը եւս կբերի բնակչության առողջության բարելավմանը: Հատկանշական է նաեւ, որ էականորեն կնվազի մեքենատրանսպորտային պատահարների, հետեւաբար նաեւ դրանց արդյունքում վիրավորների եւ մահվան դեպքերի թիվը:

3. Սոցիալ-տնտեսական - հեծանիվի պահպանումն ու շահագործումը շատ մատչելի է, հիմնականում օգտագործվում է մարդու մկանային ուժը եւ չկա օրեցօր թանկացող վառելիքի օգտագործման կարիք: Սոցիալական տեսանկյունից նախընտրելի է նաեւ հեծանվային երթեւեկությունը փոքրածավալ, դանդաղ, անհարմար եւ ուղեւորներով լցված ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով երթեւեկությունից՝ հատկապես օրվա տրանսպորտի երթևեկով ծանրաբեռնված ժամերին:

4. Փոքր ու միջին բիզնեսի զարգացման խթանման - այն կխթանի տնտեսության նոր ճյուղերի զարգացմանը: Հեծանիվների նկատմամբ պահանջարկի աճը, արահետների, եւ կայանատեղերի կառուցումը, հեծանիվների վարձույթը կբերեն փոքր ու միջին բիզնեսի աշխուժացման հեծանիվների արտադրման ու սպասարկման ոլորտում: 

5. Քաղաքաշինական եւ պլանավորման - ապացուցված է, որ կարճ տարածությունների ուղեւորափոխադրումերի համար հեծանիվն ունի բազմաթիվ առավելություններ մյուս տրանսպորտային միջոցների համեմատ: Այն շատ ավելի շարժունակ է, ունի «համեստ» պահանջներ քաղաքաշինության ոլորտում, ինչը բավականին մեծ առավելություն է: Հեծանվային արահետները զբաղեցնում են անհամեմատ փոքր տարածքներ, որը հնարավորություն է տալիս ազատ հողատարածքներն օգտագործել այլ նպատակներով: Միջազգային փորձը ցույց է տալիս /օրինակ, Նիդերլանդներինը/, որ քաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում հեծանվային տրանսպորտի ներդրումը մեծապես թեթեւացրել է երթեւեկությունը, որի հետեւանքով նախկին ընդարձակ փողոցների փոխարեն թողնվել են մեկ-երկու գծանոց ճանապարհներ, իսկ ազատված հողատարածքներն օգտագորվել հասարակական նշանակության կառույցների եւ կանաչ տարածքների ստեղծման նպատակներով: 

6. Երկրի վարկանիշի բարելավման - այն կբարձրացնի երկրի՝ որպես կանաչ էկոնոմիկայի ներդրման պետության վարկանիշը միջազգային ասպարեզում: Կբարելավվեն ոչ միայն երկրի բնապահպանական չափորոշիչները, այլ նաեւ զբոսաշրջային վարկանիշը:

7. Ռազմավարական – չպետք է անտեսել նաեւ հեծանվային տրանսպորտի զարգացման ռազմավարական նշանակությունը, քանի որ ՀՀ-ն հանդիսանում է վառելիք ներկրող երկիր, որը կախվածության մեջ է դնում մեր երկիրն այլ երկրներից: Իսկ Երեւան քաղաքում բնակվում է ՀՀ բնակչության մոտ կեսը: Հիշեցնենք, որ անկախության առաջին տարիներին տեղի ունեցած վառելիքաէերգետիկ ճգնաժամը կաթվածահար էր արել քաղաքի ողջ տրանսպորտային համակարգը: Այսպիսով, հեծանվային տրանսպորտի ներդրումը կբարձրացնի նաեւ երկրի անկախության մակարդակը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` կարող ենք արձանագրել, որ Երեւան քաղաքում անհրաժեշտ է կատարել գործնական քայլեր հեծանվային տրանսպորտի ներդրման եւ զարգացման համար:

Փետրվար 13, 2012 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր