

ԷկոԼուր
Փետրվարի 14-ին բնապահպանների հանդիպումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ որեւէ արդյունք չի տվել: Այս մասին «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Լենա Նազարյանը: «Երբ քաղաքապետին ներկայացրեցինք, թե ինչ օրենքներ են խախտվում, նա ասաց` ինձ հետ օրենքով չխոսեք»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը: Քաղաքապետի հետ հանդիպմանը մասնակցել են բնապահպան ակտիվիստներ, ԱԺ «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Անահիտ Բախշյանը եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը` քննարկելու Մաշտոցի պողոտայի այգում ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված տաղավարները տեղադրվել են Մաշտոցի` Եզնիկ Կողբացի փողոցին հարող այգում, ինչն առաջացրել է հասարակության դժգոհությունը: Բնապահպան ակտիվիստներն ամեն օր հերթապահություն են իրականացնում այգում` թույլ չտալով շինարարներին այգում աշխատանքներ իրականացնել: Չնայած հասարակության այս բողոքին ու դիմադրությանը, շինարարները հաջողացրել են գերի վերցնել ծառերը եւ ընդգրկել շինությունների մեջ: Մինչդեռ Տարոն Մարգարյանը Facebook-ում գրել է «Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է եւ այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել` կանաչ տարածքների հաշվին որեւէ կառուցապատում չի լինելու: Ավելին, Երեւանի քաղաքապետարանն այսօր բնապահպանական ուղղվածության մի շարք ծրագրեր ունի, որոնց նպատակը ոչ միայն կանաչ գոտիների պահպանումն է, այլեւ դրանց ընդլայնումը»:
Լուսանկարները` Հայկ Բիանջյանի
Փետրվար 15, 2012 at 16:20



