

Tert.am
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այս պահին ուղևորվում է ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացնելու՝ ընդդեմ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած գիշերային շինարարության:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը բնապահպանական ակտիվիստների հեռանալուց հետո Մաշտոցի այգու խանութ-կրպակների շինարարությունը վերսկսվել էր, և այսօր առավոտյան արդեն տեղադրված էին կրպակների դռներն ու լուսամուտները, ինչպես նաև տանիքների մի մասը: Պատգամավորը նաև միջնորդելու է, որպեսզի հայցի ապահովման միջոց կիրառվի և ինչպես պատասխանողին, այնպես էլ երրորդ կողմին արգելվի որևէ շինարարություն կատարել Մաշտոցի 22 հասցում՝ Արամ –Բուզանդ փողոցների մերձակա այգում՝ մինչև պուրակի հետ կապված վեճի վերջնական լուծումը:
«Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով պուրակում գիշերային շինարարությունը նշեց. «Ուղղակի, արդեն սովորություն է դարձել գիշերային քողի տակ նմանատիպ գործողություններ կատարելը»:
Հիշեցնենք նաև, որ երեկ երեկոյան ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում բնապահպանները և ակցիայի բոլոր մասնակիցները ընդունեցին հայտարարություն այն մասին, որ իրենք կհեռանան այգուց և գիշերվա ընթացքում այգու պահպանությունը կհանձնեն հայրենի ոստիկանությանը: Ակցիայի մասնակիցները խնդրեցին ոստիկանությանը առավոտյան նույն կերպ իրենց հանձնել այգին:
Փետրվար 21, 2012 at 13:35
