Մաշտոցի այգու պայքարի ժամանակագրություն` փետրվարի 24 (թարմացված)

Մաշտոցի այգու պայքարի ժամանակագրություն` փետրվարի 24 (թարմացված)

ԷկոԼուր

Մաշտոցի այգում փետրվարի 24-ին միջոցառումների նոր ծրագիր կա: Ժամը 15:00-ից մինչեւ 19:00-ը տեղի կունենա «Ես դեմ եմ շների սպանդին» ցուցահանդեսը: ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակներից Գուրգեն Մուշեղյանը 16:30-ին կխոսի հատակագծի հետ կառուցապատման անհամատեղելիության մասին: 17:15 –ին  «Քաղաքացիական ամբիոն»-ի հյուրը կլինի  կինոռեժիսոր, «Սարդարապատ» քաղաքացիական շարժման անդամ Տիգրան Խզմալյանը:

Ճարտարապետների միության նախագահը զորակցում է Մաշտոցի այգու ակտիվիստներին

Կարլեն Ասլանյան, Ազատություն ռադիոկայան

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը զորակցություն է հայտնում Մաշտոցի այգում տեղադրվող կրպակների դեմ արդեն 14-րդ օրը պայքարող ակտիվիստներին:

«Երիտասարդների հետ ենք, իհարկե: Վերջապես կարողացան մարդիկ իրենց ցանկությունները ասել, բայց սա, ինձ թվում է, հետեւանք է այն բոլորին, որը 10 տարի անընդհատ կատարվում է` սկսած Հաղթանակ զբոսայգում հյուրանոցի տեղադրելուց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Մինասյանը:

Ճարտարապետների միության նախագահը արժանահավատ չի համարում քաղաքային իշխանությունների վստահեցումները, թե տեղադրված կրպակները այգու 10 տոկոսը չեն գերազանցում, ինչպես պահանջում է Երեւանի գոտիավորման կարգը:

«10 տոկոս ասելով` մենք ընդհանրապես օկուպացիայի ենթարկեցինք օղակաձեւ զբոսայգին, 10 տոկոս ասելով, մենք օկուպացրեցինք Օպերայի բակը», - ասում է նա:

Ստեղծված դրությունը շատ բարդ է, ասում է Մկրտիչ Մինասյանը` համոզմունք հայտնելով, որ հարցը պետք է լուծվի առաջին հերթին հօգուտ քաղաքացիների: Միեւնույն ժամանակ, նա կարծում է, որ կրպակների ժամանակավոր տեղադրումը «տանելի» լուծում է:

«Ընդհանրապես, այդ այգում կրպակները տեղ չունեն: Բայց եթե խնդիրը այնպիսին է, որ ինչ-որ ժամկետային լուծման խնդիր է լինում, կարելի է նաեւ գնալ դրան: Ինձ թվում է, որ երիտասարդները կկարողանան նաեւ իրենք ողջամիտ լինել, որպեսզի սուր բախումներ չլինեն», - ասում է Ճարտարապետների միության նախագահը: - «Վերջին հաշվով, սա բոլորիս գործն է: Լավ է, որ դրված է ընդհանուր քննարկման եւ մենք մի ընդհանուր լուծման պետք է գանք: Մենք նաեւ պետք է օժանդակենք նոր քաղաքապետին, որպեսզի նա այս ամեն ինչից ոչ թե հուսալքվի, այլ ընդհակառակը` զգա, որ քաղաքացիները իր մեջքի հետեւը կանգնած են»:

Մաշտոցի այգում բողոքի ակցիաներն ուղղորդված են արտերկրից. այս կարծիքին է Մանվել Բադեյանը

News.am

Ի պաշտպանություն Մաշտոցի այգու բողոքի ակցիաներ կազմակերպող ակտիվիստների 90 տոկոսը հեռուն գնացող քաղաքական նպատակներ ունի, իսկ ակցիաները ուղղորդված են արտերկրից  եւ Հայաստանից, նպատակն էլ երկրում վիճակն ապակայունացնելն է: Այսօր՝  փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման «սենսացիոն բացահայտում» արեց ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան Ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը ՝ հավելելով, որ ինքը խորամուխ է եղել այդ խնդրում եւ իր հայտարարություններն անում է ամենայն պատասխանատվությամբ՝ ունենալով հստակ փաստեր:

Նա բողոքի ակցիաների մասնակիցներին բաժանեց երեք խմբի: Առաջինը՝ արտերկրից եւ Հայաստանից ուղղորդվողներն են, որոնք, ըստ նրա կազմում են 90 տոկոսը, երկրորդը հատվածն ազնիվ մարդիկ են (10 տոկոս), իսկ երրորդ հատվածին նա անվանեց «մարտնչող տգիտության գաղափարակիրներ»:

Բադեյանի ներկայացմամբ, ակցիայի մասնակիցները ցանկանում են իրենց մշակույթը ներդնել Հայաստանում: «Այսքան տարի երկիրը քանդում էին, անտառները կտրվում էին, բա որտե՞ղ էին բնապահպանները:  Ընդհուպ մինչեւ սատանիստ կա նրանց մեջ: Էնքան ենք ցնորվել, որ սատանիստի հետեւից պիտի գնա՞նք, թե՞ քաղաքապետի»,- ասաց պատգամավորը: («սատանիստ» ասելով, թերեւս, նկատի ունի ակտիվիստներից Բայանդուր Պողոսյանին, ում մասին սոցիալական ցանցերում նման լուրեր տարածվեցին-խմբ):

Մանվել Բադեյանի կարծիքով՝  այդտեղ այգի չկար, զիբիլանոց էր, կրպակները տեղադրվելու են ժամանակավոր, որեւէ ծառ կամ ճյուղ չի տուժել:  Նա հայտարարեց, որ եթե  երկու տարի հետո «Հին Երեւան» ծրագրի իրականացմանը  զուգահեռ կրպակները չքանդվեն, ապա ինքը կհեռանա քաղաքականությունից:

Մանվել Բադեյանի  խոսքով՝ քաղաքական որոշում է կայացվել եւ Աբովյան փողոցն ազատվել է այդ կրպակներից,  բայց ծագեց սոցիալական խնդիր, կրպակատերերը պետք է կարողանան տուն պահել:

Դիտարկմանը, թե դժվար թե այդ կրպակատերերը սովորական մարդիկ լինեն, ում համար դա հանապազօրյա հացի խնդիր է լուծում, պատգամավորը նշեց, որ ինքը մտահոգվում է այդտեղ աշխատող մարդկանց ճակատագրով: 

Նշենք, որ դեռ ամիսներ առաջ, երբ Երեւանի փողոցներն ազատվում էին կրպակներից եւ վերջիններիս տերերը բողոքի ակցիաներ էին կազմակերպում, պահանջելով իրենց «չկտրել հանապազօրյա հացի աղբյուրից», որեւէ ՀՀԿ-ական պատգամավոր նրանց շահերը չպաշտպանեց:

Թող անճաշակ «նարեկիզմի» դեմ պայքարեն. Ռուբեն Հախվերդյանը՝ Մաշտոցի այգու համար պայքարողների մասին

News.am

Մաշտոցի այգում բողոքի ակցիաներ իրականացնող բնապահպանները թող անճաշակ «նարեկիզմի» դեմ պայքարեն: Այս մասին, այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիման ժամանակ հայտարարեց հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը, հավելելով. «Հանրապետության հրապարակի հեւտեւի մասում քայլելու տեղ չկա, իրար վրա շենքեր են գոյանում»:

«Ես լավ բան չհասկացա, նրանք դեմ էին, որ էդ քանդեին, թող մարդիկ երկու տարի աշխատեն, ես Տարոնի վրա վստահ եմ, նա այնքան ազնիվ մարդ է, որ վատ բան էս քաղաքի համար անել չի կարող»,- ասաց նա:

Հախվերդյանի խոսքով, ինքը որեւէ բան չի ստորագրել, պարզապես գնացել է քաղաքապետարանի մոտ՝ մասնակցելու բնապահպանների ակցիային, իսկ Մաշտոցի այգի գնացել է ուղղակի, հաճախ է այդտեղ գնում եւ գերաջուր խմում:

Երգահանը նշեց, որ այնտեղ ոչ մի կանաչ չկա, դա աղբանոցի վերածված տեղ է, իսկ կրպակները քանդելու են մեկ-երկու տարի հետո:

Բնապահպաները պսակեցին հերթական հաղթանակը

Yerkir.am

Արձակագիր, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, հյուրընկալվելով «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին, ծրագրի վերջում հայտարարել է.

«Մինչ եթեր գալը ես զանգահարեցի եւ պարզեցի, որ քիչ առաջ տեղի է ունեցել քաղաքաշինության խորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետը եւ որոշվել է, որ տաղավարները Մաշտոցի պուրակում չպետք է կառուցվեն, դա սխալ է: Ես հարցրեցի պարոն Ազետյանին, ով վարում էր այդ նիստը, թե ինչ որոշվեց, և նա ասաց, որ այդտեղ չպետք է տեղադրվեն կրպակները»,- հայտարարեց Մ. Տեր- Գուլանյանը:

Քաղաքապետարանը հերքում է Հանրային խորհրդի անդամի

Yerkir.am

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հերքել է, որ երեկ քաղաքապետարանում քաղաքաշինության խորհրդի նիստ է տեղի ունեցել:

Ավելին, անդրադառնալով գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի` երեկ «Երկիր Մեդիա»-ի եթերում հնչեցրած հայտարարությանը, նա հերքել է, թե որոշում է կայացվե Մաշտոցի պուրակում տաղավարներ չտեղադրելու մասին:

«Երեկ քաղաքապետարանում որեւէ նիստ տեղի չի ունեցել, եւ չգիտեմ՝ այդ տեղեկությունը որտեղի՞ց է իմացել Մերուժան Տեր-Գուլանյանը, որ քաղաքապետարանում նիստ է տեղի ունեցել: Չգիտեմ, թե որտեղի՞ց են այդ տեղեկությունները Տեր-Գուլանյանին հասել»,- ասել է Ա. Գեւորգյանը` նշելով, որ ներկա դրությամբ, Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների հետ կապված, որոշման փոփոխություն տեղի չի ունեցել:

Ո՞վ է մեղավոր

Yerkir.am

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը այսօր հրավիրված քննարկման ժամանակ կոչ արեց Երեւանի քաղաքապետարանին՝ դադարեցնել Մաշտոցի այգում ընթացող շինարարությունը` մինչեւ չճշտվեն այդ տարածքում իրականացվող գործողությունների իրավական հիմքերը:

«Այդ խնդիրը մեր կողմից կբարձրացվի նաեւ ՀՀ կառավարությունում եւ ՀՀ նախագահի մոտ»,- ասաց նա:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի երկար բացատրությունը լսելուց հետո Հանրային խորհրդի նախագահը նաեւ արձագանքեց. «Փաստորեն, այս կառույցներն արվում են, որովհետև ոչ թե քաղաքի համար խիստ անհրաժեշտ են, այլ որովհետեւ քաղաքապետարանը պարտավորություն ունի Աբովյան փողոցից կրպակները տեղափոխելու համար»:

Ստանալով Ն. Սարգսյանի հաստատող պատասխանը` հավելեց. «Երբ  Երեւանում քաղաքապետ Կարեն Կարապետյանի ժամանակ փակվեցին եւ ապամոնտաժվեցին 1000-ից ավելի կրպակներ, բավականին աղմուկ բարձրացավ, Հանրային խորհրդում փակ քննարկում եղավ, մի մասը գտնում էր, որ ճիշտ է կրպակների ազատումը, մյուս մասը` որ, այնուամենայնիվ, այդ կրպակները փակելով, մարդկանց ապրուստի միջոցից զրկում են: Այդ ժամանակ ես հեռախոսային խոսակցություն ունեցա Կարեն Կարապետյանի հետ, նա ասաց, որ ամեն ինչ շատ հստակ է` փակում ենք միայն այն կրպակները, որոնց պայմանագրային ժամկետը վերջացել է, և ես հարց տվեցի, իսկ Աբովյան փողոցի կառույցներին սա վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ, նա էլ ասաց, իրենց ժամկետը վերջանալու է 2 ամիս հետո, և խոստացավ, որ երկու ամսից այդ կառույցները քանդվելու են: Հիմա քաղաքը ինչո՞ւ այն 1000-ի նկատմամբ պարտավորություն չունի, աբովյանական կառույցների նկատմամբ պարտավորություն ունի»:

Այս հարցադրմանը Երեւանի գլխավոր ճարտարապետը ոչինչ չասող պատասխան տվեց.  «Նախկին կրպակները, որոնք ապամոնտաժվել են, նրանց առաջ քաղաքապետարանն առ այսօր ունի պարտավորություններ, եւ քաղաքապետը 3 ամիս առաջ հայտարարեց, որ մենք ժամկետ ունեցող բոլոր կրպակատերերին ապահովելու ենք նոր տարածքով: Հանձնարարություն կա` տարբեր վայրերում տարածքներ են պատրաստվում, իսկ ինչ վերաբերում է Աբովյան փողոցին, ապա չեմ կարող պատասխանել»:

Իրավական հիմքերի մասին խոսելիս Երեւանի քաղաքապետարանի իրավաբա նական վարչության պետ Զավեն Առաքելյանը հայտնեց, որ Երեւանի Աբովյան փողոցում եղել են կրպակներ, որոնք գրանցված փաստաթղթեր չեն ունեցել. «Բայց եղել են այնպիսիները, որոնց գործողության ժամկետը եղել է 5-7 տարի եւ եղել են գրանցված: Կան մինչև 20 տարի և կան մինչև 3 տարի ժամկետով կրպակներ»:

Լսելով Առաքելյանի բացատրությունը` Մանուկյանը դժգոհ հակադարձեց. «Դա կստուգվի, խնդիր չէ: Կարեն Կարապետյանը մի քիչ ուրիշ կերպ էր հարցը ներկայացնում»:

Քննարկմանը ներկա` Երեւանի ավագանու անդամ, Երեւանի բժշկական համալսարանաի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, Մաշտոցի պուրակի խնդրի հետ կապված, հայտնեց, որ հարցը Երեւանի ավագանու հետ կապ չունի. «Դա եղել է քաղաքապետարանի գործադիր մարմնի որոշմումը»:

Իսկ Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը առաջարկեց կրպակատերերի փոխհատուցել գումարներով, ինչն առաջացրեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դժգոհությունը, որը նշեց, որ քաղաքապետարանն այդքան գումար չունի:

CNN-ը` Մաշտոցի պուրակի մասին

Yerkir.am

Ամերիկյան CNN հեռուստաալիքն անդրադարձել է Մաշտոցի պուրակի համար հայ բնապահպանների պայքարին:

«Հացադուլ` կանաչ միջավայրի համար» վերնագրով նյութը տեղադրվել է CNN-ի կայքի iReport բաժնում: Ըստ ռեպորտաժի` բնապահպանները, ովքեր չեն հովանավորվում քաղաքական, կրոնական եւ որևէ այլ կազմակերպության կողմից, դժգոհ են քաղաքային իշխանություններից եւ պահանջում են դադարեցնել պուրակում ընթացող շինարարությունը:

«Երբ բնապահպանները հասկացան, որ իշխանությունների վրա հույս դնել չեն կարող, ակտիվիստները եւ քաղաքացիները ներխուժեցին ոստիկանների կողմից շրջապատված հատված: Ակցիային ներկա էին նաեւ մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական գործիչներ եւ որոշ հայտնի մարդիկ»,- նշում է նյութի հեղինակը:

Ինչո՞ւ է Նարեկ Սարգսյանը մոլորեցնում Հանրային խորհրդին

Ժաննա Սարգսյան, Հետք

Փետրվարի 23-ին Հանրային խորհրդում քննարկվել է Մաշտոցի այգում կրպակների տեղադրման հարցը: Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ առևտրի կրպակները խիստ ժամանակավոր բնույթ են կրում և տեղադրվելու են 2-3 տարով: Նա նաև նշել է, որ դեռևս չգիտեն, թե ովքեր են կրպակների սեփականատերերը և ոչ մի պայմանագիր չեն կնքել: Իհարկե Նարեկ Սարգսյանը այստեղից սկսել է ստել` ասելով թե չգիտի սեփականատերերին: Քաղաքում, մասնավորապես կենտրոնում չկա «շինարարության տակ» գտնվող մի թիզ հող, որի սեփականատերերը չներկայանան գլխավոր ճարտարապետին իրենց նախագծերն «անցկացնելու» համար: 

Մինչդեռ «Հետքին» հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանի՝ 30.12.2011թ. 7373-Ա որոշմամբ «Արևելյան օազիս» ՍՊԸ-ին  տրվել է Մաշտոցի պուրակում  կառուցապատման իրավունք, որի ժամկետն ավարտվում է 2028 թվականին:

Մաշտոցի այգում որեւէ մեկին կրպակ չի տրամադրվել. հավաստիացնում է Նարեկ Սարգսյանը

News.am

Երեւանի քաղաքապետն իրավունք ունի Մաշտոցի այգին վարձակալության տրամադրել, բայց այս պահի դրությամբ ոչ մեկին այն չի տրամադրել, որեւէ մեկի հետ պայմանագիր չի կնքել: Այս մասին այսօր՝ փետրվարի  23-ին, Հանրային խորհրդում կազմակերպված քննարկմանն ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝  իրենց համար առաջնահերթ էր Աբովյան փողոցը մաքրելը եւ ապագայում էլ Մարկո Պոլո սրճարանն են հետ տալու: Ըստ որում՝ Աբովյան փողոցից ապամոնտաժված ոչ բոլոր կրպակներն են տեղափոխվելու Մաշտոցի այգի: Գլխավոր ճարտարապետի հավաստմամբ՝  Աբովյանի փողոցի որեւէ սեփականատեր այդտեղ որեւէ կրպակի նկատմամբ իրավունք չունի, կրպակները որեւէ մեկին չեն տրամադրվել:

Նարեկ Սարգսյանը նաեւ նշեց, որ դեռ հայտնի չէ՝ այդտեղ ինչ է լինելու, բոլորովին չեն բացառում, որ հնարավոր է դիմեն Երեւանի ավագանուն եւ որոշեն, թե այդտեղ ինչ անել, օրինակ՝ հնարավոր է այդտեղ լինի այգի, գրականություն վաճառվի: Իսկ եթե նույնիսկ կրպակներ տրամադրվեն, ապա դրանք կունենան մեկից-երեք տարվա կյանք, մինչեւ «Հին Երեւանի» նախագիծն իրականացվի:

Իսկ թե ինչու են Մաշտոցի այգին ընտրել կրպակները տեղավորելու համար, գլխավոր ճարտարապետը դա հիմնավորեց այն հանգամանքով, որ այգին գտնվել է վատ վիճակում, կառուցելու են նաեւ նոր ճանապարհ: Միեւնույն ժամանակ, ճարտարապետը սփոփեց ներկաներին՝ նշելով, թե կրպակների տրամադրումը չի կարող գերազանցել այգու տասը տոկոսը, եւ մինչեւ շինարարություն սկսվելը կրպակներն այդտեղ կազմում էր վեց տոկոսը, իսկ նոր կառուցների դեպքում չի գերազանցվելու ինը տոկոսը:

Նարեկ Սարգսյանը նշեց, որ կրպակները տեղավորելու այլընտրանքային տարածքներ էլ են քննարկվել, սակայն տեղանունները չնշեց: Ճարտարապետը չնշեց նաեւ Մաշտոցի այգում տեղադրվելիք կրպակների տերերի անունները՝ շեշտելով, որ գրություն չկա որեւէ մեկին տարածք տալու վերաբերյալ, կրպակների մի մասը այլ տեղ է տարվելու:

«Ապագա». Երեւանի ո՞ր մի նախկին քաղաքապետն է թույլ տվել Աբովյանի վրայի ծառերը կտրել ու օբյեկտ սարքել

News.am

Թերթը  հիշեցնում է, որ նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Տարոն Մարգյանի բնութագրին` երկչոտ, քչախոս, զուսպ, դաստիարակված եւ հավասարակշռված մարդ, սակայն չէր ընդգծել-առանձնացրել նրա «Տղայական ճշտով - խոսքի տեր» հատկանիշը: «Զարմանալի է, բայց հենց այս, միգուցե դրական, բնավորության գիծը փոխեց երեւանցիների կարծիքը նրա նկատմամբ (կարծիքը եթե ոչ դրական, առնվազն նեյտրալ էր), քանի որ Տարոնը չի կարողանում հետ կանգնել կրպակատերերին տված խոստումից: Այստեղ ամենեւին էլ փորձի պակասը չէ, որևէ ամենաերկար աշխատած չինովնիկը նույնիսկ չէր կարող հաշվարկել, որ նման իրավիճակ կստեղծվի: Սա միայն հնարավոր էր կանխատեսել, եթե դու այդ մտածող հասարակ ժողովրդի խավին ես պատկանում եւ հասկացել ես, որ նման հարցերի լուծման մեջ խառնվելու եւ կարծիքը առանց վախի բարձրաձայնելու մենաշնորհն արդեն հանձնված է ժողովրդին: Հավատացեք, որ մեր քաղաքապետը կոռուպցիոն ոչ մի համաձայնության մեջ չի այդ կրպակատերերի հետ եւ ոչ մի անձնական շահագրգռվածություն չունի, նա չգիտեր, նրան ուղղակի չէին ասել, որ Երեւանը (ոչ ամբողջ Հայաստանը) անցնում է դեպի իսկական ժաղովրդավարություն տանող ճանապարհով: Ամեն դեպքում, մեր քաղաքապետը կարող է լուծել այս հարցր` իր ճշտի սահմանների շրջանակներում իհարկե: Աշխարհի բոլոր զարգացած քաղաքների ղեկավարները, եթե նույնիսկ հայտնվեին նման իրավիճակում, կկանչեին գործին առնչվող բիզնեսմեններին եւ որպես հիմք ընդունելով ստեղծված ֆորսմաժոր իրավիճակը կփորձեին այլ լուծում գտնել: Բայց չէ որ այստեղ մեզ մոտ ի հայտ են գալիս ագահ նախկին ու ներկա չինովնիկ-կրպակատերերը, որոնք քաղաքապետարանի կոկորդը բռնել ու բաց չեն թողնում: Նրանք որպես հիմնավորում ներկայացնում են նախկինում զավթաց-գրաված իրենց հողերի փոխհատուցման խնդիրը, իսկ նրանցից էլ չի կարելի հարցնել, թե ոնց ես կարողացել եւ ով է քեզ թույլ տվել Աբովյանի վրայի ծառերը կտրել ու օբյեկտ սարքել: Հարցի պատասխանը կլինի շատ կարճ` քաղաքապետն է թույլատրել: Այդ պարագայում կամա թե ակամա ստիպված կլինես անդրադառնալ նախկինների` Գագիկ Բեգլարյանին (ըստ Հժ-ի ինքն էլ է այդ կրպակատերերից), Երվանդ Զախարյանին, Ռոբերտ Նազարյանին, Ալբերտ Բազեյանին եւ այլոց: Դա, ինչպես գիտենք, դեռ չի կարելի:

Իրադարձությունների բոլոր սցենարների դեպքում, միեւնույն է, սա հաղթանակ է: Ոչ թե մենք ենք փոխվել, ուղղակի այլ տարբերակ չկա: Եկել է Լիսկա ու Մարիամ Սուխուդյան մարդկային տեսակների կռվի ժամանակը. կռիվ` արդեն նշանակում է անառողջ վախի բացակայություն: Եվ ամենակարեւորը, որ մեզ դա թողնում են, այսինքն` չեն թողնում, որ մեզ ոչնչացնեն»,- գրում է «Ապագա»-ն:

Նարեկ Սարգսյանը Մաշտոցի այգի չի գնացել առողջական պատճառով

HayNews.am

«Այգի դեռ չեմ գնացել զուտ առողջական պատճառով, առաջիկա օրերին գնալու եմ անպայման»,- Մաշտոցի պողոտային հարող այգու վերաբերյալ Հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապես Նարեկ Սարգսյանը:

Այս առիթով` Սարգսյանը հայտնեց նաև, որ այգու պահպանման համար պայքարող բնապահպան-ակտիվիստները կհրավիրվեն քաղաքապետարան, և նրանց հետ ևս քննարկում կունենան:

Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ չնայած գլխավոր ճարտարապետի պնդուների, թե դեռևս Մաշտոցի այգում կառուցվող կրպակների տերերը հայտնի չեն, կրպակների ապակիներին արդեն կան հստակ անվանումներ` Սարգսյանը պնդեց. «Այդ ոչինչ չի նշանակում: Կրպակները քաղաքապետարանին են, ասում եմ պաշտոնապես»:

«Բեգլարյանը կապ չունի»,- շեշտեց Սարգսյանը` ի պատասխան մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Աբովյանից ապամոնտաժված և Մաշտոցի այգի տեղափոխվող կրպակները Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանինն են: Ինչ վերաբերում է շրջանառվող մեկ այլ անվանը` Էդգար Մադաթյանին, նա նշեց. «Իրավաբանին դիմեք այդ հարցերով»:

Գլխավոր ճարտարապետը վստահեցրեց նաև, որ իրենց համար ընդունելի են Հանրային խորհրդի առաջարկությունները, և իրենք աշխատելու են այնպես լուծել խնդիրը, որ «քաղաքապետարանը բարիկադի մի կողմում չլինի, երիտասարդները` մյուս»:

Իսկ ի՟նչ է նշանակում Երևանի քաղաքապետի հայտարարությունը այն մասին, թե կրպակները տեղադրվում են ոչ կանաչապատ տարածում, ի՟նչ է նշանակում այգում` ոչ կանաչապատ տարածքը, հարցին ի պատասխան էլ Սարգսյանը նշեց. «Ի նկատի է ունեցել, որ այդ պահին այդտեղ կանաչ գոտի չի եղել»:

Այն շինությունը, որը բետոնապատ է, կարո՟ղ է համարվել ժամանակավոր, հարցին էլ գլխավոր ճարտարապետը պատասխանեց` ոչ, ու ստացավ հարցի շարունակությունը` իսկ ինչու՟ են այգում կառուցվում բետոնից երկու արտաքին պատով շինություններ. «Եթե այդպիսի բան կա, կքանդենք»,- հակադարձեց Սարգսյանը, ով նշեց, որ ինքը տեղյակ չէ, որ այգում նման շինություն կա:

Սառեցնել կրպակների շինարարությունն այգում

Ա.Հովհաննիսյան, Ազգ

Մաշտոցի պողոտային հարակից այգում շինությունների կառուցման եւ այդ շինարարության դեմ բարձրացած հասարակական բողոքի առնչությամբ երեկ քննարկում էր նախաձեռնել Հանրային խորհուրդը
   
Խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ քննարկմանը մասնակցող Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչին` մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, նախ հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված այգում շինությունների կառուցումը, դա մայրաքաղաքի համար մի կարեւոր անհրաժեշտությո՞ւն է, որ պետք է կառուցվի նույնիսկ հասարակական կարծիքին դեմ գնալով, թե՞ խնդրահարույց շինությունները կառուցվում են Աբովյան փողոցից ապամոնտաժված շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար:
  
Ն.Սարգսյանն իր պատասխանով հաստատեց արդեն իսկ հայտնին` շինությունները կառուցվում են որպես փոխհատուցում: Աբովյան փողոցում շինությունների կառուցման վերաբերյալ ժամանակին կայացված որոշումը նկատի ունենալով` գլխավոր ճարտարապետն ասաց, որ իրենք շատ վատ որոշումը փոխարինում են տանելի որոշմամբ: 
  
Ուշագրավ է, որ Ն.Սարգսյանն ինքն է խոստովանում ժամանակին կայացված որոշման շատ վատ լինելը` ընդսմին չնշելով այդ որոշման կամ որոշումների կայացման դրդապատճառների եւ կայացնողների պատասխանատվության չենթարկված լինելու մասին:
  
Հանրային խորհրդի նախագահի տեղեկացմամբ, ինքն անցյալ տարի մայրաքաղաքում եղած կրպակների ապամոնտաժման ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանից անձամբ է տեղեկացել, որ Աբովյան փողոցի շինությունների զբաղեցրած տարածքների վարձակալության ժամկետը 2 ամսից վերջանալու է, ինչից հետո դրանք քանդվելու են: Այսինքն` ի՞նչ խոսք կարող է լինել փոխհատուցման մասին: 
  
Ըստ գլխավոր ճարտարապետի, Աբովյան փողոցի կրպակների մի մասի վարձակալության ժամկետը դեռ չի լրացել, դեռ տարիներ կան: Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի տեղեկացմամբ, վարձակալության պայմանագրերի վավերականության կամ գործողության միջին ժամկետը մինչեւ 10 տարի է, սակայն պայմանագրեր կան, որ կնքվել են 20 տարով: Նա նաեւ հավելեց, որ դրանց ժամկետը լրանում է այսօրվանից միջինը 7-10 տարի հետո: 
  
Իմանալով այս մասին, Վ.Մանուկյանն ասաց, որ այդ պայմանագրերին ծանոթանալը եւ ժամկետների խնդիրը պարզելը դժվար չէ: Ավելին.
  
-Կրպակները եթե անպայման մի տեղ պետք է մնան, այս պուրակն ինչո՞վ էր ավելի լավ քաղաքի համար, քան թե Աբովյան փողոցը,- հարցրեց Հանրային խորհրդի նախագահը: -Այդ մի քանի տարին է, թող Աբովյան փողոցում լինեին, հետո քանդեիք: Ինչո՞ւ էր պետք սրանք տեղափոխել:
  
Երկրորդ` տեղափոխելու ժամանակ նոր մարդկանց տալի՞ս եք, թե ոչ, եւ երրորդ` ովքե՞ր են այդ ընտրյալները, որոնց մի քիչ ավելի լավ վիճակի մեջ եք դնում, քան այն հազար կրպակների տերերին (խոսքը Երեւանում առանց փոխհատուցման քանդված կրպակների տերերի մասին է.- Ա.Հ.): 
  
Ընդգծենք, որ վերը նշված հարցերին, չնայած դրանցից վերջինը քննարկման ընթացքում մի քանի անգամ կրկնվեց, ինչպես գլխավոր ճարտարապետը, այնպես էլ իրավաբանական վարչության պետը, ըստ էության, պատասխան չտվեցին: Ն.Սարգսյանն ասաց միայն, որ այգում կառուցվող կրպակներն առայժմ ոչ մեկին վարձակալության չեն տրամադրվել, իսկ տրամադրվելու են 1-3 տարի ժամկետով:
  
Ախր, ի՞նչ կրպակ կամ ժամանակավոր շինություն (ի դեպ, քաղաքապետն էլ է փորձում հավատացնել, թե դրանք ժամանակավոր տաղավարներ են): Խնդրո առարկա շինություններից, համենայն դեպս, մեկը, որն ունի պեմզաբլոկից մեկ ավարտուն ու մեկ կիսակառույց պատ, հնարավոր չէ ժամանակավոր շինություն համարել: 
  
Դրանք դե յուրե, թերեւս, չեն տրամադրվել ինչ-ինչ անձանց, բայց ուղղակի չենք կարող հավատալ, որ դե ֆակտո էլ չեն տրամադրվել, չկան բանավոր որոշակի պայմանավորվածություններ: Ոմանք շատ լավ էլ գիտեն, որ այդ շինություններն իրենց համար են կառուցվում, նույնիսկ Աբովյան փողոցի իրենց խանութների անունները կամ ֆիրմաներն են այգու կիսակառույցների վրա արտահայտած եղել:
  
Բացի դրանից, եթե իսկապես 1-3 տարով են տրամադրվելու, այսինքն` չկա այդ ժամկետի լրանալուց հետո շինությունները մեկ այլ գործունեությամբ զբաղվող օբյեկտի վերածելու եւ վարձակալության ժամկետը երկարացնելու ներքին պայմանավորվածություն, ապա տվյալ շինություններն այգում խցկելու համար քաղաքային իշխանության կողմից ինչո՞ւ է այդպիսի մեծ համառություն ցուցաբերվում, ո՞րն է դրա իմաստը: 
  
Ըստ գլխավոր ճարտարապետի, անվիճելի փաստ է, որ Աբովյան փողոցը մաքրելը շատ կարեւոր է: Այո, համաձայն ենք, բայց անվիճելի փաստ չէ՞, որ Մաշտոցի պողոտային հարակից այգում վիճելի շինությունները չկառուցելը, այգին կամ պուրակը դրանցով չմխտռելն էլ շատ կարեւոր է: Հանրային խորհրդի եւ, միաժամանակ, Երեւանի ավագանու անդամներ Դերենիկ Դումանյանի եւ Աստղիկ Գեւորգյանի հավաստմամբ, այգում խնդրո առարկա շինությունների կառուցման հարցը ավագանու նիստում չի քննարկվել, դա ընդամենը եղել է քաղաքապետարանի` որպես գործադիր մարմնի որոշում:
  
Հանրային խորհրդի անդամ, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ հետաքրքրվեց, թե Աբովյան փողոցում հիշյալ շինությունները կառուցելը եւ սեփականության իրավունքով տարիներ շարունակ օգտագործելը որքանո՞վ է օրինական եղել (եթե նկատի ունենանք, որ այնտեղ Երեւանի գլխավոր հատակագծով բոլորովին այլ բան է նախատեսված եղել), որ հիմա սարսափում են այդ սեփականատերերի իրավունքները ոտնահարելուց: Այս հարցը մնաց անպատասխան:
  
-Տարածքն ընտրելուց պետք է էկոլոգիական փորձաքննություն անցներ, չի եղել, լսումներ չեն եղել, ինչո՞ւ,- հարցրեց Կ. Դանիելյանը:-Երկու հիվանդանոց է այդտեղ, եւ ծննդատուն է, որոնք պարտադիր պետք է ունենան կանաչ տարածք: Ինչո՞վ է բացատրվում, որ այգին վատ վիճակում է եղել... Մեր պատկերացմամբ, Երեւանի կանաչ տարածքները մի քանի փուլ են անցնում. երբ պետք է այդտեղ կառուցապատեն, սկզբից ջուրն են կտրում, որ ծառերը չորանան (բազմաթիվ օրինակներ ունենք), հետո մի քիչ աղբ են լցնում, հետո ասում են` այ էկոլոգներ, «կռիսանոց», աղբանոց է, ո՞ւր եք կռվում սրա համար: Հիմա նույն ճանապարհն այստեղ է անցնում:
  
Վերը նշված հարցերը, որոնք նաեւ մեղադրանք են պարունակում, նույնպես արժանացան նախորդի ճակատագրին` մնացին անպատասխան:
  
Ըստ Ն.Սարգսյանի, Երեւանի գոտեւորման նախագծով այդ հատվածում Երեւանի քաղաքապետն իրավունք ունի, ինչպես մյուս այգիներում, ժամանակավոր թույլատրել որոշակի բնույթի տաղավարների կառուցում ամբողջ այգու մակերեսի 10 տոկոսի սահմաններում, մինչդեռ նոր շինությունների կառուցմամբ դրանց մակերեսը չի գերազանցի ընդհանուրի 9 տոկոսը: Նշենք, որ այս վերջին թիվը կասկածի ենթակա է, քանի որ նշված 10 տոկոսի մեջ հաշվարկվում են նաեւ այգու ասֆալտապատված, սալահատակված մակերեսները:
 
Ինչպես գլխավոր ճարտարապետն ինքը նշեց, քաղաքապետն օրենսդրությամբ իրավունք ունի այգում թույլատրել տաղավարներ, որոնց բնույթը սահմանված է: Միանշանակ է, որ հագուստեղենի կամ, ասենք, բջջային հեռախոսների խանութն այդ սահմանվածի մեջ չի մտնում: Սակայն նշելով, որ բողոքող երիտասարդները պահանջել են նաեւ, որ այդտեղ չլինեն խանութներ, շորեր չվաճառվեն, Ն.Սարգսյանը դրա հնարավորությունը միանշանակ բացառելու փոխարեն, ասաց.
  
-Բայց մենք դեռ չունենք այդտեղ ինչ է լինելու, իրոք չունենք... Հնարավոր է, մենք բանակցենք այդ մարդկանց հետ` այդ ամբողջը լինի գրքերի վաճառքի տեղ, եւ ոչ թե, ասենք, հագուստների վաճառքի տեղ: 
  
Գլխավոր ճարտարապետի ասածը զավեշտի սահմաններից էլ անդին է. ուրեմն ի՞նչ` Աբովյան փողոցի խանութների տերերն այսքան մեծ պայքարից, կառուցվող շինությունների օգտագործման իրավունքն իրենց սեփականություն-խանութների քանդման դիմաց ստանալուց հետո համաձայնելու են, որ այգու խանութներում գրքե՞ր վաճառեն, բավարարվելու են այդ վաճառքի խղճուկ հասույթո՞վ...
  
-Պարոն Սարգսյան, դուք ասում եք, որ քաղաքապետին վերապահված է իրավունք կանաչ գոտիներում մինչեւ 10 տոկոսի մակերեսով կրպակներ տեղադրելու,- ասաց Հանրային խորհրդի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: -Օրինակ, ես դրան դեմ կլինեի, եթե լինեի ավագանու անդամ: Կանաչ գոտիները պետք է զերծ պահել նման խնդիրներից ընդհանրապես, որեւէ նշանակության կրպակ չի կարող լինել:
  
Ամփոփելով քննարկումները, Վազգեն Մանուկյանը նշեց. «Այս շղթայի հետեւը տասնյակ տարիների դժգոհություն կա կուտակված. քաղաքը ձեռքից կորցնելու զգացումն է: Եվ խնդրում եմ երկրորդական չվերաբերվեք, թե կմոռացվի, կգնա: Չի մոռացվելու, չի գնալու... 

Ես կոչ եմ անում քաղաքապետարանին` կանգնեցնել այդ շինությունները, սկսել բանակցություններ հասարակության հետ, ոչ միայն այն երիտասարդների հետ, որ հավաքված են այնտեղ, շատ մարդիկ էլ դժգոհ են, բազմաթիվ կազմակերպություններ կան: Ամբողջ քաղաքով մենք քննարկենք մեր քաղաքի ապագան, եւ մինչեւ այդ հարցի քննարկումները չավարտվեն, այնտեղ ոչ մի բան ոչ սարքվի, ոչ ջարդվի: Սառեցնել դա»:

Վազգեն Մանուկյան. «Ես կոչ եմ անում քաղաքապետարանին` կանգնեցնել այդ շինարարությունները»

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Մաշտոցի պողոտայի և Եզնիկ Կողբացի փողոցի միջանկյալ հատվածում գտնվող զբոսայգում շինությունների խնդրի առնչությամբ երեկ հրավիրված քննարկման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանին առաջարկեց.

- Ես կոչ եմ անում քաղաքապետարանին` կանգնեցնել այդ շինարարությունները, բանակցություններ սկսել հասարակության հետ, ոչ միայն այն երիտասարդների հետ, որ հավաքված են այնտեղ, շատ մարդիկ դժգոհ են, բազմաթիվ կազմակերպություններ կան: Ամբողջ քաղաքով քննարկենք մեր քաղաքի ապագան, և մինչև այդ հարցի քննարկումները չավարտվեն, այնտեղ ոչ մի բան ոչ սարքվի, ոչ ջարդվի: Սառեցնել դա:

Հանրային խորհրդի նախագահը զգուշացրեց նաև, որ չլինի այնպես, որ գիշերով հանկարծ գաղտագողի շարունակեն շինարարությունը, ինչպես դա արդեն մեկ անգամ արվել է: Դիմելով քննարկմանը հրավիրված Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին` նա շարունակեց.

- Մենք ձեր միջոցով դիմում ենք քաղաքապետին, և քաղաքապետին էլ անձամբ կդիմենք, տեղյակ կպահենք նախագահին, կառավարությանը: Քաղաքին է վերաբերում, բայց ամբողջ Հայաստանի գործն է:

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետի պատճառաբանությունն այն է, թե այժմ հիշյալ այգում կառուցվող տաղավարները տեղադրվում են այնտեղ` Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Քննարկման ընթացքում այն միտքն արտահայտվեց, որ Աբովյան փողոցում այդ շինությունների զբաղեցրած հողատարածքը տվյալ շինությունների տերերին վարձակալությամբ տալը, շինություններն էլ նրանց անունով սեփականություն ձևակերպելը կատարվել է քաղաքաշինության նորմերի և օրենսդրության այլ պահանջների խախտմամբ:

Նշելով այս տեսակետը և ընդգծելով, որ քննարկման ընթացքում այդ կապակցությամբ հակառակ կարծիք չներկայացվեց Երևանի գլխավոր ճարտարապետի և քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի կողմից, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը վերջինիս հարցրեց` երբևիցե քաղաքապետարանի որևէ ներկայացուցիչ պատժվե՞լ է դրա համար, թե ոչ, և երկրորդ` եթե քաղաքապետարանը դիմի դատարան` բողոքելով, որ օրենքի խախտումներով է տեղի ունեցել դա, դրանից հետո որևէ պարտավորություն կմնա՞ քաղաքապետարանի վրա: Սակայն քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, ըստ էության, հստակ պատասխան չտվեց բարձրացված հարցերին, ասաց, որ այսօր գործ ունեն գրանցված իրավունքների հետ: Նշենք, որ հողատարածքի վարձակալության իրավունքը` անկախ դրա գրանցված լինելու հանգամանքից, կարող է դատական կարգով չեղյալ համարվել, եթե հիմնավորվի, որ տարածքը վարձակալության է տրվել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ:

Փետրվար 24, 2012 at 12:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր