Մաշտոցի այգու շուրջ իրավիճակին նվիրված կլոր սեղանը Ոստիկանությունը դռնփակ է անցկացրել

Մաշտոցի այգու շուրջ իրավիճակին նվիրված կլոր սեղանը Ոստիկանությունը դռնփակ է անցկացրել

ԷկոԼուր

Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության շենքում ընթացել է կլոր սեղան` նվիրված Մաշտոցի այգում շինարարության ընթացքում իրավապահների գործողությունների իրավաբանական հիմքերի հարցերին: Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ ոստիկաններն օղակել էին շինհրապարակը` տաղավարներին մոտ չթողնելով ինչպես ակտիվիստներին, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Կլոր սեղանի մասնակիցների թվում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի, ինչպես նաև Հասարակաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է կանաչ ակտիվիստներին, որոնք 3 շաբաթ շարունակ տառացիորեն օկուպացրել էին Մաշտոցի այգին, ապա Ոստիկանության միջոցառումը նրանց շրջանում առանձին հետաքրքրություն չէր առաջացրել, և, գործնականում, անտեսվել էր:

Ցավոք սրտի, կլոր սեղանն անցել է դռնփակ, և լրագրողների մուտքն արգելվել է: Ինչպես պարզաբանել է Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը, միջոցառման շրջանակում բարձրացվել են բացառապես իրավական բնույթի հարցեր: Միջոցառման արդյունքների վերաբերյալ ողջ սպառիչ տեղեկատվությունը կզետեղվի Ոստիկանության պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ փորձագետները, մասնավորապես, նշում են, թեր Մաշտոցի այգում շինարարության ընթացքում խախտվել է Հողային օրենսդրության 76-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» օրենքը, չեն անցկացվել հանրային լսումներ, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ներգործության փորձաքննություն: Ակտիվիստները նաև նշում են քաղաքաշինության նորմերի խախտումները: Մասնավորապես, կառուցապատումը պետք է իրականացվի ծառերից 5 մ հեռավորության վրա, մինչդեռ Մաշտոցի այգում այդ հեռավորությունը կես մետրից ավելի չէ: 

«Կլոր սեղան» ոստիկանությունում

Police.am

Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանությունում կազմակերպվել էր կլոր սեղան, «Հավաքների ազատությունը սահմանադրական և ոստիկանական իրավունքի տեսանկյունից» թեմայով, որին մասնակցում էին «Մարդու իրավունքները Հայաստանում», «Կոնֆլիկտների ուսումնասիրման և լուծման ազգային կենտրոն», «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «JIZ», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոն», «Օրենքի ուժ», «Ալյանս» հասարակական կազմակերպությունների, Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նշեց, որ հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններին, ոստիկանների և հավաքի մասնակիցների փոխգործակցության հարցերի լուծմանն են ուղղված նաև ոստիկանության ծառայողների ուղեցույցները, որոնք արդեն իսկ կիրառվում են, իսկ շահագրգիռ քննարկումը թույլ կտա հավաքների ընթացքում հասնել անհրաժեշտ փոխգործակցության:

«Կլոր սեղանի» մասնակիցները, հղում անելով «Հավաքների մասին» ՀՀ օրենքին, վկայակոչելով հանրապետությունում տեղի ունեցած հավաքները, ինչպես և օրինակներ բերելով եվրոպական մի շարք երկրների համանման փորձից, մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերից` արեցին մի շարք առաջարկներ: Մասնավորապես, անդրադարձ եղավ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման,  հավաքի կազմակերպիչների իրազեկվածության աստիճանի խորացման, ոստիկանության հանդուրժողականության, աշխատանքի թափանցիկության և մի շարք այլ հարցերի:

Խոսելով հավաքների օրինականության պահպանման և ոստիկանության գործողությունների իրավական հիմքերի մասին` Արթուր Օսիկյանն ընդգծեց հավաքի մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները իրազեկելու անհրաժեշտությունը, ինչպես և անդրադարձավ հավաքների տարատեսակներին, մասնավորապես` ինքնաբուխ հավաքների առանձնահատկություններին և մի շարք այլ խնդիրների:

Ամփոփելով` Արթուր Օսիկյանը մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետի անունից, ոստիկանության նախաձեռնությանն արձագանքելու և քննարկմանն ակտիվորեն մասնակցելու համար և հույս հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական և արդյունավետ կլինեն:

Լուսանկարը` Police.am կայքի

Մարտ 01, 2012 at 14:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր