

ԷկոԼուր
Մարտի 3-ին Մաշտոց պողոտայի այգում տեղի ունեցավ բնապահպանական բնապահպան ֆորում, որի ընթացքում Մաշտոցի այգու պաշտպանները նշեցին ինքնորոշված քաղաքացու ծնունդը: Բնապահպան ակտիվիստները լայն հասարակությանը ներկայացրեցին Մաշտոցի այգու համար տարվող իրենց 22-օրյա պայքարի արդյունքները, առկա իրավիճակը, ինչպես նաեւ Թեղուտի, Քաջարանի, Արմանիսի խնդիրները: Մաշտոցի այգու պաշտպանները հանդես եկան քաղաքային իշխանություններին ուղղված հայտարարությամբ` պահանջելով տաղավարների ապամոնտաժում: Հայտարարության մեջ ասված է. «Երևանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին: Այդ մասին է վկայում հանրային մեծ բողոքը Մաշտոցի պուրակի շինարարության դեմ:
Մենք՝ արդեն 22 օր շարունակ Երևանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս և բնակիչներս, քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքին համարժեք լուծում:
Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը և հանրային շահը մասնավորին ստորադասելը:
Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երևանի լայն հանրության և ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք. անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները:
Եթե քաղաքային իշխանությունը և այլ պատկան մարմինները չեն կարող համարժեք արձագանքել հանրության արդարացի պահանջին, ապա հանրությունը ինքն է ինքնուրույն տեր կանգնում հանրային սեփականությանը և թույլ չի տալիս այդ ապօրինի շինությունների գոյությունն ու շահագործումը:
Հանրային զբոսայգում պայքարողների հետ միասին բոլորս պատրաստ ենք կանխել ապօրինի շինարարությունը շարունակելու ցանկացած փորձ և հասնել Մաշտոցի պուրակում բոլոր կառույցների ապամոնտաժմանը և կանաչ գոտու լիարժեք վերականգնմանը»: Ֆորումն ուղեկցվում էր «Եթե ԱՊՊԱ, ապամոնտաժում», «Այգին մերն ա», «Կանաչ, մաքուր Երևան» վանկարկումներով, Երեւանի կանաչ գոտիները եւ Հայատանի հանքարդյունաբերությունը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսով:
Մարտ 05, 2012 at 15:01










