Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է պատասխանել «Ժառանգության» հայցին

Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է պատասխանել «Ժառանգության» հայցին

Արմենպրես

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ Մաշտոցի պուրակում կառուցապատման դեմ ըմբոստացող բնապահպան ակտիվիստների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի Վարչական դատարանը մարտի 12-ին վարույթ է ընդունել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, հայցվորներն են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները` Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, ինչպես նաեւ կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ Դավիթ Բադալյանը:

Նրանք պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետի որոշումները, որոնց հիման վրա տեղի է ունենում Մաշտոցի այգում իրականացվող կառուցապատումը: 
            
Երեւանի քաղաքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ իրավական հարթություն տեղափոխված այս հարցի շուրջ քաղաքապետարանի մեկնաբանությունները կարտահայտվեն դատարանում:

Հանրությունը դատեց Տարոնին

Lragir.am

Մարտի 8-ին Մաշտոցի պուրակի ակտիվստներին հաջողվեց հաղթահարել ոստիկանների դրած պատնեշները և տարածքը նորից ազատագրել: «Միժի» նախագահ Արփինե Գալֆայանի խոսքով, հանրությունը չի կարողանում իր իրավունքները պաշտպանել, և այսուհետ Մաշտոցի այգում քննելու են հանրային սեփականության և հանրային ունեցվածքի զավթման խնդիրները: Պուրակի պահապանների հիմնական երեք պահանջները մնում են նույնը՝ հանրային կանաչապատման տարածք, ապամոնտաժված շինություններ և բարեկարգված այգի:

Իսկ քաղաքապետի այն խոսքերը, որ աղջիկներն ուղղակի զվարճանում են, Արփինե Գալֆայանի խոսքերով, ցույց է տալիս որոշակի գիտակցություն, իսկ կանայք պուրակում պայքարում են իրենց իրավունքների և ընդհանրապես մարդկանց հանրային տարածք ունենալու իրավունքի համար:

Այսօր դատավորների՝ Արթուր Գրիգորյանի, Գոռ Հակոբյանի և Լենա Նազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ նորաստեղծ Քաղաքացիական անկախ ու արդար դատարանի անդրանիկ հրապարակային դատական նիստը՝ կապված Մաշտոցի պուրակի հանրային սեփականության պաշտպանության հետ: Ծանուցագիր նախապես ուղարկվել է նաև քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանից որևէ պատասխանող կողմ այդպես էլ չներկայացավ, և հայցվոր կողմը դատը սկսեց առանց պատասխանող կողմի:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը /հայցվոր/ պահանջել է, որ դատարանը որոշում ընդունի և պարտավորեցնի քաղաքապետարանին ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակները: Նա փաստել է, որ Մաշտոցի պուրակում կրպակները տեղակայվել են քաղաքապետի դեկտեմբերի 15-ի որոշման հիման վրա, ըստ որի՝ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները տեղափոխել Մաշտոցի պուրակ՝ առանց հիմք ընդունելու օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես հողային օրենսգրքի համաձայն ցանկացած քաղաքաշինական որոշման հիմքում պետք է դրված լինեն Երևանի գլխավոր հատակագիծը և գոտիավորման նախագիծը: Նրա խոսքով, քաղաքաշինության օրենսդրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանն իրավունք չուներ ճարտարապետահատակագծային առաջադրանք տալ մի գործունեության համար, որը չի համապատասխանում քաղաքաշինական փաստաթղթերին, կրպակների տեղադրումը հակասում է Երևան քաղաքի գոտիավորման հատակագծին, որն ընդունվել է 2007-ին քաղաքապետարանի կողմից:

Բացի այդ, Սոնա Այվազյանը փաստել է, որ պուրակի տարածքը 10.000 քառ մետրից ավել է, մինչդեռ ՀՀ շրջակա միջավայրի մասին օրենքի համաձայն, 1500 քմ-ից ավել տարածք գրանցող քաղաքաշինական գործունեությունը պետք է ենթարկվի բնապահպանական փորձաքննության կենսագործունեության միջավայրի փոփոխության հետ կապված:

Հայցվոր, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ քաղաապետարանը իր բոլոր բացատրություններում փաստում է, որ այստեղ գործ ունենք մասնավոր սեփականությունը հարգելու, դրա կարևորությունը գնահատելու և անհրաժեշտ փոխհատուցում տրամադրելու հետ: Սակայն, նրա խոսքով, Աբովյան փողոցի վրա նույնպես մասնավոր տարածք է տրամադրվել ընկերությունններին, որոնք տարիների ընթացքում շահույթ են ստացել այդ տարածքի հաշվին և այսօր այդ տարածքը թողել անբարեկարգ վիճակում: Վահրամ Սողոմոյանը նաև նշել է, որ Մաշտոցի պուրակում մենք գործ ունենք հանրային սեփականության հետ, որը պատկանում է Երևանի ամբողջ համայքին:

Մեկ ամիս շարունակ Երևանի քաղաքացիները պաշտպանում են ոչ այլ ինչ, քան հանրային սեփականությունը՝ այգին: «Պահանջում եմ անվավեր ճանաչել որոշումները, գտնել պատասխանատուներին, պատժել և վերականգնել հանրային կանաչ տարածքը, ինչպես որ հարկն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այստեղ գործ ունենք պաշտոնական դիրքի չարաշահման հետ, որը տանում է դեպի մի քանի անձանց նեղ շահերը պաշտպանելու և մասնավոր շահը երևանցիների հանրային շահին ստորադասելու ուղղությամբ»:

Դատավորները խոստացան դատավճիռն ամենայն հավանականության ուրբաթ օրը կարդալ: Իսկ մինչ այդ այգում սկսվել է շուրօրյա նստացույց:

Մարտ 14, 2012 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր