Ոստիկաններն ապամոնտաժեցին Մաշտոցի այգում տեղադրված վրանը

Ոստիկաններն ապամոնտաժեցին Մաշտոցի այգում տեղադրված վրանը

ԷկոԼուր

Մարտի 14-ին` ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժով ապամոնտաժեցին Մաշտոցի այգում տեղադրված ակտիվիստների վրանը: Այս մասին «ԷկոԼուր» բլոգեր Թեհմինե Ենոքյանը գրեց. «Րոպեներ առաջ Մաշտոցի պուրակում նկատվեց  ոստիկանների մեծ հոսք: Սադրիչ գործողություների արդյունքում  սրճարանի ձախ անկյունում սկսվեց հրմշտոց, ոստիկանները վազեցին այդ ուղղությամբ, բայց բնապահպանները չտրվեցին սադրանքների: Մարդկանց ուշադրությունը մի պահ սևեռվեց դեպի գոռգռացող անձանց կողմը: Այդ վայրկյանների ընթացքում մի խումբ ոստիկաններ շրջապատեցին վրանը և թույլ չտվեցին բնապահպաններին մոտ գալ: Ոստիկանները սկսեցին հրմշտել հավաքված քաղաքացիներին: Վրանի մեջից ակտիվիստներից մեկին ոստիկանները  դուրս բերեցին, ում ակնոցն, ի դեպ, ընկել էր գետնին, նա գրեթե ոչինչ չէր տեսնում կիսախավարի մեջ: Այս գործողությունները տեղի ունեցան 21.30-21.45-ի սահմանններում: Բնապահպանները խաղաղ էին, մի մասը զրուցում էր իրար հետ, մյուս մասը տաք թեյ էր խմում: Այժմ ոստիկանների քանակը  մի քանի անգամ գերազանցում է բնապահապանների թվաքանակից: Ու այս ամենը ընդհամենը մի քանի «բուծիկի» համար: Բուծիկները «ապրելու» իրավունք ունեն, իսկ ծառերը` ո՞չ»:

Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ ոստիկանությունը:

«Սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում տեղադրվել է վրան: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, և ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով:

Վրանի տեղադրման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները վրանը տեղադրած քաղաքացիներին զգուշացրել են, որ վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման: ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տևական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել և խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները:

Այսօր, մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն:

Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել հասարական վայրերից օգտվելու կանոնների խախտումներով, ուստի դրանք կանխելուն ուղղված օրենքով վերապահված լիազորությունները գործադրվելու են  ամբողջ ծավալով»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:



Մարտ 15, 2012 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր