Կառավարությունը որոշեց, որ Մաշտոցի այգու կրպակները չեն ապամոնտաժվի, իսկ բնապահպանները բողոքում են

Կառավարությունը որոշեց, որ Մաշտոցի այգու կրպակները չեն ապամոնտաժվի, իսկ բնապահպանները բողոքում են

Tert.am

Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված «Պետական գույքն օտարելու մասին» նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի «Հին Էրիվան» նախագիծը:

Վարչապետը իր խոսքում նշեց, որ երեկ իրենք ստացել են բնապահպանների կողմից նամակ և փորձում են հասկանալ նրանց: Նա նաև նշեց, որ իրենք միշտ համրերաշխ են եղել ընդդիմախոսների հետ: Վարչապետը այն վստահությունը հայտնեց, որ կրպակների ժամանակավոր կառուցումը բոլորի համար լավ կլինի և երևանիցիները գոհ կլինեն:
Մինչ կառավարությունը ընդունեց այս որոշումը, դրսում՝ կառավարության շենքի առջև հավաքված մի խումբ բնապահպաններ պահանջում են կառավարությունից ապամոնտաժել կրպակները: Նրանք վանկարկում են՝ «այգին մերն է», «եթե ապպա, ապա ապամոնտաժել»:

Բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը բարձրախոսով ներկայացրեց բոլոր այն օրենքները, որոնք խախտվել են հանրային այգում կրպակների կառուցելիս:

Բնապահպան Գոռ Հակոբյանը ևս մեկ անգամ հանրության ներկայացրեց, թե ինչպես են երեկ ոստիկանները խոշտանգել այգում ամրացված միակ վրանը: Բնապահապանների պահանջն է պատժել իրենց՝ բնապահպանների խաղաղ նստացույցը խանգարողներին:


Հիշեցնենք, որ մարտի 13-ից Մաշտոցի այգում բնապահպանն ակտիվիստները նստացույց էին սկսել՝ պահանջելով ապամոնտաժել արդեն իսկ կառուցված կրպակները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանումներ է տվել «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի վերաբերյալ

ԷկոԼուր-ՀՀ կառավարության պաշտոնական կայք

Մարտի 15-ին` ՀՀ կառավարության նիստի ընթացքում, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանումներ է տվել «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի վերաբերյալ: Նա ասել է. «Հարգելի գործընկերներ, այս հարցը քաղաքական հնչեղություն է ստացել վերջին շրջանում, և ես ցանկանում եմ որոշակի պարզաբանումներ տալ, որպեսզի մեր քաղաքական դիրքորոշումը հստակ և հասկանալի լինի բոլորի համար:
Առաջինը` քաղաքապետի հետ միասին հանդես ենք եկել քաղաքական հայտարարությամբ, այն է, որ մենք դեմ ենք մշտական տաղավարներին Մաշտոցի պուրակում և դրանով իսկ փարատել ենք մեր քաղաքացիների մտավախությունն առ այն, որ այդ տաղավարներն այնտեղ լինելու են մշտական:

Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեցվեց, թե այդ ժամանակավորն ինչքան է: Այստեղ էլ պատասխանը հստակ է` առավելագույնը երեք տարի, և դա պայմանավորված է «Հին Երևան» նախագծի իրականացմամբ, քանի որ Մաշտոցի պուրակը «Հին Երևանի» հենց մուտքն է լինելու, և ճարտարապետական լուծումներն էլ տվել է հենց քաղաքապետարանը: Այսինքն այդ նախագծի` «Հին Երևանի» հեղինակը քաղաքապետարանն է, և ինքն իր ծրագիրն իրականացնելու է:

Երրորդ հարցն իրավական լուծումների վերաբերյալ է: Մենք նաև նամակ ենք ստացել հասարակական նախաձեռնությունների, տարբեր կազմակերպությունների կողմից, թե արդյոք իրավական լուծումներն իրավաբանորեն բխում են մեր օրենքների պահանջներից: Այդ առումով էլ քաղաքապետը զեկուցեց, որ համապատասխան եզրակացություններն առկա են, և օրենքի խախտումներ չկան:

Չորրորդ հարցը կա. մենք շահագրգռված ենք, որպեսզի այս հարցի շուրջ մեր քաղաքացիների հետ լինի համերաշխության և համաձայնության մթնոլորտ: Առաջին խոստումը, որ տրվել էր քաղաքապետարանի կողմից Աբովյան փողոցում առկա տաղավարների վերաբերյալ, որոնք ժամանակավոր տաղավարներ չէին, այլ մշտական տաղավարներ էին` սեփականության իրավունքով, որ դրանք կապամոնտաժվեն: Այդ խոստումը կատարվել է:
Հիմա երկրորդ խոստումը, որ արձանագրում ենք այսօր մեր որոշման մեջ և ընդունում ենք ի գիտություն, որ սրանք նույնպես երեք տարվա ընթացքում ապամոնտաժվելու են:

Հաջորդ հարցադրումը: Մենք մեր ընդդիմախոսների կարծիքը հարգում ենք՝ տարբեր ձևաչափերով նրանց հետ քննարկում ենք: Եվ այս լուծումը, որն այսօր քաղաքապետարանն առաջարկում է, կարծում եմ՝ պետք է վերջակետ դնի այս երկխոսության մեջ, քանի որ, կարծում եմ՝ երևանցիների համար ընդունելի լուծում է, որպեսզի բոլորի շահերը մենք հաշվի առնենք, այդ թվում նաև սեփականատերերի:
Հինգերորդ: Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ առաջարկություն եղավ, որ փոքր Երևանում՝ Երևանի կենտրոնում, կառուցապատման կանոնները լինեն ավելի խիստ և սահմանվեն լրացուցիչ նորմեր, որոնք կարգելեն փոքր կենտրոնում բազմաբնակարան, բազմահարկ շենքերի կառուցումը, որոնք հստակորեն կպաշտպանեն հին կառույցները, ընթացակարգեր կսահմանեն, թե որոշումներն ինչպես են ընդունվում փոքր կենտրոնի կառուցման վերաբերյալ: Մենք քաղաքապետի հետ խոստացանք, որ այդպիսի օրենքի նախագիծ կմշակենք: Այսօր մենք ձևավորում ենք աշխատանքային խումբ, որն աշխատելու է այդ օրենքի նախագծի վրա: Հրավիրում ենք նաև հասարակական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներին, որպեսզի ներկայացնեն իրենց թեկնածուին՝ աշխատանքային խմբում ընդգրկելու համար, որպեսզի այդ օրենքի նախագծի վրա միասին աշխատենք: Սա հենց այն նախաձեռնությունն է, որը եկել է նաև հասարակական նախաձեռնության շնորհիվ և մենք քաղաքապետի հետ միասին հարգում ենք այդ տեսակետը: Դրա համար այս օրենքի նախագիծը կմշակենք համատեղ:

Հարգելի գործընկերներ, կարծում եմ կհամաձայնեք, որ այս մոտեցումը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը և տալիս է այնպիսի լուծում, որը նաև քաղաքացիների կողմից ընդունելի է լինելու: Դրա համար առաջարկում եմ այս որոշման նախագիծն ընդունել և դրանով իսկ մեր քաղաքացիներին հստակ պատասխան տալ ժամկետների վերաբերյալ, որ առավելագույն ժամկետը լինելու է երեք տարի»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Մարտ 15, 2012 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր