

Սամվել Ալեքսանյան, Սյունաց Երկիր
Մեղրի գետի ջրային ռեսուրսի վերաբաշխման շուրջ քննարկումները 2011թ. այդ շրջանում, հատկապես Մեղրի քաղաքում, լուրջ անհանգստություն էին առաջացրել: Մոտ 1000 հոգու ստորագրությամբ երկրի ղեկավարներին հղած դիմումին այդպես էլ պատշաճ պատասխան չի տրվել: Մի շարք գերատեսչությունների իրարամերժ արձագանքները միայն խտացրել են անորոշության մշուշն այդ հարցում: Այդուհանդերձ, ըստ հանրապետության ֆինանսների նախարարի, ով ս.թ. մարտի 2-4-ն ուղեկցում էր Սյունիք այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանին, արաքսամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագիրը հաստատված է եւ կմեկնարկի ընթացիկ գարնանը, թեեւ հարյուրավոր մեղրեցիներ դեմ են դրան: Դա Համաշխարհային բանկի եւ Հայաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, ըստ որի լինելու է ինքնահոս ջրանցք եւ էականորեն բարելավվելու է այդ գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ կառավարության 2012թ. հունվարի 12-ի N5-Ն որոշմամբ Տաշտունի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` 0.75հա հող փոխադրվել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հէկերի եւ օժանդակ կառույցների շինարարության համար:
Հայաստանի կառավարությունը ս.թ. մարտի 1-ին Մեղրուն առնչվող եւս մեկ որոշում է ընդունել, ըստ որի նորից է այնտեղ հողերի նպատակային նշանակություն փոխվել: Որոշմամբ Լիճք գյուղական համայնքի 0.425հա հողեր փոխադրվում են էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հէկերի եւ օժանդակ կառույցների շինարարության համար: Դրա մեջ մտնում են ե՛ւ պետական սեփականություն հանդիսացող անտառային հողեր, ե՛ւ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողեր: Երկու հէկի կառուցման համար այդ հողամասերի հատկացմանը, ըստ "Էկոլուրի" տարածած տեղեկատվության (28.02.2012թ.), դեմ են արտահայտվել ե՛ւ գյուղնախարարությունը, ե՛ւ բնապահպանության նախարարությունը: Լիճքի անտառապետությունը գտնվում է "Արեւիք" ազգային պարկի տարածքում, իսկ ազգային պարկի տարածքում փոքր հէկերի կառուցումը, ըստ փորձագետների, հակասում է "Արեւիք" ազգային պարկի ստեղծման մասին ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 15-ի N1209-Ն որոշմանը:
Հայտնի է դարձել նաեւ, որ Մեղրի համայնքի ավագանին 2011թ. հունիսի 9-ին N41-Ա որոշմամբ Մեղրի քաղաքի արդյունաբերական, ընդերքօգտագործման նշանակության 47.9հա հողամասը, տարեկան 2.9 մլն դրամ վարձավճարով, 40 տարի ժամկետով հատկացրել է "Ագարակի ՊՄԿ" ՓԲԸ-ին` արդյունաբերական գործունեություն իրականացնելու նպատակով: Այդ հարցը Մեղրու ավագանին քննարկել էր ավելի վաղ` մայիսի 20-ին եւ հատկացրել մոտ 42հա հողամաս: Նոր որոշմամբ (9 հունիսի 2011թ.), փաստորեն, վերանայվել է նախկին որոշումը եւ ավելացվել հատկացվող հողի չափը: Մեղրի քաղաքի Փոքր թաղից ուղիղ գծով մոտ 1կմ հեռավորության վրա գտնվող այդ հողատարածքում կկառուցվի պոչամբար:
Փաստաթուղթը, որի տակ համայնքի ղեկավար Սերգեյ Հայրապետյանից բացի ստորագրել են ավագանու անդամներ Մակար Բեգլարյանը, Սերգո Գալստյանը, Արմեն Զաքարյանը, Մակիչ Թումանյանը, Անաստաս Խաչատրյանը, Մուրազիկ Խաչատրյանը, Համիկ Հարությունյանը, Հարություն Քարամյանը, մինչեւ վերջերս հայտնի չէր համայնքի բնակչությանը:
Մեղրիում լուրջ անհանգստության տեղիք է տվել "Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը": Ըստ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի` արդեն պատրաստ է Սյունիքի մարզի համայնքների խոշորացման տարբերակը: Այդ փաստի շուրջ Մեղրիում թեւածող խոսակցությունների համաձայն Մեղրու շրջանում բազմաթիվ համայնքներ կզրկվեն ինքնուրույն վարչական միավոր լինելու կարգավիճակից, ինչը լուրջ մարտահրավեր է այդ գյուղերի գոյատեւմանը: Խնդիրն այն է, սակայն, որ կառավարության պատասխանատուներն առայժմ չեն ուզում բացել փակագիծը եւ ասել, թե Մեղրիում համայնքների խոշորացման ինչ մոդել է կիրառվելու:
Դեռեւ ս.թ. հունվարին այդ հարցով Մեղրիում ստորագրահավաք էր, բայց տեղական իշխանությունները խոստացան Մեղրու համայնքների խոշորացման մոդելը ներկայացնել հանրային քննարկման, ինչի համար մի խումբ մեղրեցիների ստորագրած դիմումը չուղարկվեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Սակայն այդ խոստումը չկատարվեց, եւ հարցը շարունակում է մնալ առկախ: Իսկ դիմումի մեջ մեղրեցիները գրել էին. "Հաշվի առնելով շրջանի բացառիկ ռազմավարական դիրքը եւ պատմական դառը փորձը` առաջարկում ենք Մեղրու տարածքում ձեռնպահ մնալ կառավարության նշված հայեցակարգի կիրառումից, քանի դեռ խնդրո առարկայի շուրջ հանրային քննարկում տեղի չի ունեցել մեզանում: Կարեւոր ենք համարում ասել, որ շրջանի համայնքները, որքան էլ փոքրաթիվ բնակչություն ունեն, կանգուն են եւ շատ թե քիչ կենսունակ տեղական իշխանության շնորհիվ, ինչը նաեւ աշխատատեղեր է ենթադրում ու մարդկանց ամենօրյա հարցերի մի մասի լուծում: 20-րդ դարում, նաեւ խորհրդային տարիներին, Մեղրու շրջանում իրականացված սխալ քաղաքականության շնորհիվ մոտ 20 գյուղ է վերացել: Համայնքները միավորել` նշանակում է այդ սխալը որերորդ անգամ կրկնել: Միաժամանակ` Մեղրու գրեթե բոլոր գյուղերը սահմանային են: Միացնել դրանք այլ համայնքների (թեկուզեւ իրար մոտ գտնվող)` նշանակում է ուղղակիորեն ջլատել-թուլացնել սահմանը, մնացած բնակչությանը ժամանակի ընթացքում, ինքնըստինքյան, հետ քաշել սահմանից: Որեւէ գյուղից ներկայիս կարգավիճակը խլելուց, որեւէ գյուղի հերթական անգամ ամլության մղելուց առաջ պետք է շատ լուրջ մտածել, այլապես նոր գյուղեր կկորցնենք Մեղրու շրջանում":
Մեղրու բնակիչների կարծիքով ամենատարօրինակն այն է, որ շրջանում կատարվող սկզբունքային այս փոփոխությունների շուրջ տեղի բնակիչների մոտեցումը հաշվի չեն առնում: Հատկապես բնապահպանության ոլորտում կատարվող էական տեղաշարժերը (առանց այդ էլ բնապահպանական իրավիճակը շատ մտահոգիչ է Մեղրիում), ըստ մեղեցիների` արդեն իսկ շատ թանկ է նստում բնակչության վրա: Մեղրի քաղաքի մի բնակչի դիպուկ արտահայտությամբ` այսօր արդեն Մեղրիում չես գտնի ընտանիք, որտեղ առնվազն մեկ հիվանդ չլինի: Եվ այդ ամենը` բնապահպանական հանցավոր քաղաքականության հետեւանքով, որը կարծեք, նոր թափ է առնում:
Մարտ 20, 2012 at 14:29
