

ԷկոԼուր
Գրեթե 2 տարի կենսաբանները եւ էկոլոգները գոռում են, որ երեւանյան «Նեմո» դելֆինարիումը հարմար չէ խոշոր ծովային կենդանիներ պահելու համար: Զգուշացնում են, որ դելֆինները չեն դիմանա նման ահավոր պայմաններին` ծայրաստիճան սահմանափակ տարածքում ապրելուն, մեծ ծանրաբեռնվածությանը եւ քլորացված ջրին: Մասնագետները ամբողջ աշխարհից փաստեր են հավաքում, թե ինչպես են դելֆինների համար անհամապատասխան պայմաններով դելֆինարիումները փակվում: Սակայն մեր քաղաքային իշխանությունների, դատարանի, որտեղ քննվում էր հասարակական կազմակերպությունների հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության, եւ հենց նախարարության համար այդ ամենը միեւնույնն է: «Դա մեր երեխաների ուրախության համար է»,- նման հայտարարություն կարելի է լսել մեր չինովնիկներից: Ինչ կասեն նրանք հիմա, երբ մեկ տարի եւ չորս ամիս անց դելֆինները չդիմացան եւ հիվանդացան (տես` «Երեւանի «Նեմո» դելֆինարիումում ջուրը քլորացված է, եւ դելֆիններն իրենց վատ են զգում»):
«Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները դիմեցին դատարան ՀՀ բնապահպանության նախարարության դեմ հայցով` մեղադրելով վերջինիս անգործության մեջ: Հիշեցնենք, որ «Նեմո» դելֆինարիումը կառուցվել է առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության: Դելֆինները Հայաստան են բերվել տարօրինակ փաստաթղթերով, եւ Բնապահպանության նախարարության բացատրությունը, թե իրենք կապ չունեն, ոչ ոքի չի գոհացնում: Սույն թվականի ապրիլի 10-ին դատարանը մերժեց ՀԿ-ների հայցը` պատճառաբնելով, թե ՀԿ-ները պատշաճ հայցատու չեն: «Մենք այս հարցը այսպես չենք թողնելու, պայքարը շարունակվելու է»,- «ԷկոԼուր»-ին ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը` նշելով, որ դատարանի վճռի ընթերցմանը ներկա չեն եղել ոչ դելֆինարիումի, ոչ նախարարության ներկայացուցիչները, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք տեղյակ են եղել, թե վճիռն ինչպիսին կլինի:
Այժմ դելֆիններին պատրաստվում են Հայաստանից տանել իբրեւ թե Ռուսաստանով մեկ շրջագայության: Ստացվում է, որ բերեցին, օգտագործեցին եւ տանում են: Ինչ կենդանի կբերեն դելֆինների փոխարեն եւ արդյոք կբերեն, հայտնի չէ: Փաստն այն է, որ մեր իշխանությունները թույլ տվեցին կասկածելի գործարք, եւ օրինքին հետեւելու կոչերը չօգնեցին:
Ապրիլ 11, 2012 at 12:23
