

Վիկտորյա Բուռնազյան, ԷկոԼուր
Ես երկու անգամ եմ եղել Երեւանի «Նեմո» դելֆինարիումում` 2011թ. ամռանը եւ օրերս: Կարող եմ ասել, որ առաջին այցելությունից հետո շատ բան է փոխվել: Նախ, դելֆինարիումում շատ ուժեղ, գլխացավ առաջացնող քլորի հոտ էր տարածված, որը նախկինում ավելի թույլ էր, երկրորդ` դելֆիններից մեկը նախկինի պես չէր կատարում մարզիչների հրահանգները. որոշ վարժություններ ընդհանրապես չկատարեց:
Տպավորություն էր, որ դելֆինները սոված էին ու հոգնած: Օրական դելֆինները եւ ծովափոկերը 4 ներկայացում են տալիս եւ տրամաբանական է, որ եթե կենդանիները կուշտ լինեն, չեն կատարի մարզիչների հրահանգները, հետեւաբար կարելի է կարծել, թե նրանք կերակրվում են միայն ներկայացումների ժամանակ: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը հայտնեց, որ «Նեմո» ընկերության դեմ դատական գործընթացներ են սկսել Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելոռուսում: «Մենք ակնկալում ենք մեր ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների օգնությունը, ովքեր կապի մեջ են մեզ հետ», - ասաց Սիլվա Ադամյանը եւ հավելեց,- «Մենք զգուշացրել էինք, որ քլորացված ջրում լողացող դելֆինը երկար չի կարող առողջ լինել: Եւս 5 ամիս եւ մենք կկորցնենք այս կենդանիներին: Ամեն ինչ անելու ենք, որ դելֆինարիան փակվի:»:
Հիշեցնենք, որ Երեւանի Վարչական դատարանը քննում է «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ների հայցը ընդդեմ Բնապահպանության նախարարության: Հայցվորները նախարարությանը մեղադրում են անգործության մեջ: Հերթական դատական նիստը նշանակված է մարտի 17-ին:
Մարտ 16, 2012 at 14:47
