

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» «Ա1+»-ի համար
Սոտք գյուղում բնակվող 13-ամյա Արմանը հաշմանդամ է: Աջ ձեռքը ծուռ է: Մայրը՝ Թամարան, միայնակ է մեծացնում երկու զավակներին, միաժամանակ խնամում է անկողնուն գամված ծեր մորը: Օգնող ձեռք չունի: Ամուսինը մահացել է:
Ապրուստ հայթայթելու համար կարտոֆիլի դաշտերում քաղհան է անում, քանի որ ուրիշ աշխատանք չկա: Նա Արմանին բերել էր Վարդենիսի պոլիկլինիկա՝ ստուգման:
Վարդենիսի պոլիկլինիկայում գրանցված է 125 հաշմանդամ երեխա, իսկ ընդհանուր թվով այստեղ հաշվառված է 4800 երեխա:
Վարդենիսում շատ ծնողներ իրենց երեխաների կարիքներն ու բուժումը նորմալ հոգալ չեն կարողանում, որովհետեւ աշխատանք չունեն, հույսը անվճար բուժօգնություն ցուցաբերող պոլիկլինիկան է եւ «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը:
«Դուք չեք կարող պատկերացնել, որ մարդիկ կովից կաթ են կթում, վաճառում են, բայց իրենց հիվանդ երեխային չեն տալիս»,- պատմեց Վարդենիսի պոլիկլինիկայի մանկաբույժը:
Ընտանիքների սոցիալ-տնտեսական ծանր վիճակն անմիջապես ազդում է երեխաների վրա, քանի որ սոված, ցուրտ ընտանիքներում ապրող մայրերը չեն կարող առողջ երեխաներ մեծացնել: Իսկ նման ծանր վիճակում, ըստ մանկաբույժի, ապրում է Վարդենիսի ազգաբնակչության 80%-ը, որովհետեւ ապրուստի միջոց չկա:
Բնակիչները հիշում են, որ ժամանակին սեղանի ջրի արտադրություն ունեին, պանրի, հացի, գարեջրի գործարաններ, սակայն այսօր ոչ մեկը չի աշխատում: «Տները լրիվ դատարկվել են: 36-42 տուն ունեցող բնակելի շենքում ընդամենը 6 տան լույսերն են վառվում»,- Վարդենիսն այսպես ներկայացրեց տեղի բնակիչը:
Չքավորության հետ մեկտեղ այս անասնապահական շրջանում չեն բավականացնում նաեւ արոտավայրերը: «Մենք ոչ կարագ կարանք կովից ստանանք, ոչ սմետան կարանք ստանանք: Կաթը չի հերիքում, չոլերում խոտ չկա, արոտավայր չկա: Կովերը ոնց գնում են, ընենց էլ գալիս են»,- ասում են տեղաբնակները:
Կլիմայական ծանր պայմաններն էլ սահմանափակում են գյուղատնտեսական գործունեությունը: «Վարդենիսում ձմեռը 7 ամիս ա տեւում, ջերմաստիճանը իջնում ա մինչեւ մինուս 30 աստիճան»,-ասում են վարդենիսցիները:
Բնակչությունն իր հույսը դրել է Սոտքի ոսկու հաքավայրի վրա: Այսօր, թեպետ, հանքի շահագործումն իր բացասական հետեւանքներն ունի, սակայն մարդիկ դրանք անտեսում են. հացի խնդիր են լուծում: Սոտքի հանքավայրը Վարդենիսում շատ մեծ ազդեցություն ունի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի վրա:
«Այն ընտանիքները, որտեղ գոնե մեկ հոգի աշխատում է Սոտքում, էնտեղ իրենց նյութական ապահովվածության հարցը 70%-ով լուծված է: Ես ուրիշ ոչ մի հարցի մեջ չեմ խորանում, որ էկոլոգիան է խախտվում, որ կարող է ճառագայթում լինի: Ես տեսնում եմ ընտանիքներն ապահովված, եւ դա է ինձ ուրախացնում միայն»,- մեզ հետ զրույցում ասաց մանկաբույժը:
«Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության նախագահ Մելանյա Եփրեմյանն էլ ավելացրեց. «Երբ որ լսում ենք, որ երեխաներից մեկի ծնողն աշխատում է Սոտքում, արդեն մենք էլ ենք ուրախանում, որ ինչ-որ չափով ընտանիքի սոցիալական վիճակը բարելավվում է»:
«Աստղավարդ»-ը ստեղծվել է 2003թ.: Այն միավորում է հաշմանդամ երեխաներ ունեցող 230 ընտանիք: Կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամ երեխաների եւ նրանց ընտանիքների կրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական խնդիրներով, հոգեբանական օգնություն է ցուցաբերում հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին, միջնորդում է աշխատանքի տեղավորման հարցում: (Տե՛ս լուսանկարները):
Այստեղ գործում է վերականգնողական կենտրոն, որտեղ համապատասխան վերապատրաստում անցած բուժքույրերը երեխաների հետ հատուկ պարապմունքներ են անցկացնում. քչերն են ի վիճակի իրենց երեխաներին մայրաքաղաք բուժման տանելու:
Վարդենիսի քաղաքապետարանը «Աստղավարդ»-ին հատկացրել է Վարդենիսի մանկապարտեզի շենքը, որտեղ երեխաները եւ նրանց ընտանիքների անդամները հաճախում են կարուձեւի, գորգագործության, գոբելենագործության, տրիկոտաժի պատրաստման, նկարչության, անգլերենի եւ համակարգչային խմբակներ:
«Աստղավարդ»-ի նախագահ Մելանյա Եփրեմյան մտադիր է կազմակերպությանն օգնելու խնդրանքով դիմել Սոտքի հանքավայրի ղեկավարությանը՝ հույսով, որ Սոտքի ոսկու հանքավայրը, լինելով քաղաք ձեւավորող ձեռնարկություն, իր վրա կվերցնի հաշմանդամ երեխաների նկատմամբ սոցիալական պատասխանատվություն:
Օգոստոս 12, 2009
