

Tert.am
Հասարակական մի շարք ակտիվիստներ, շարքային քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Տերյան 11 հասցեում գտնվող պատմաշակութային հուշարձան համարվող «Աֆրիկյանների շենքի» մոտ: 19-րդ դարի վերջին կառուցված այս շենքը պատկանել է Աֆրիկյան եղբայրներին, ովքեր պատկանել են հին Երևանի ամենահայտնի ընտանիքներից մեկին և եղել են մայրաքաղաքի հասարակական, քաղաքական , մշակութային կյանքի ակտիվ մասնակիցներ: Նշենք, որ 1913 թվականին այստեղ է տեղափոխվել Երևանի քաղաքային ակումբը:
«Չի քանդվելու» վանկարկող երիտասարդների մեծ մասը Մաշտոցի պուրակի ակտիվիստներ են.նրանց է միացել նաև ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Մայրաքաղաքի պատմաշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի Աբովյան փողոցում գտնվող «ԱՈԿՍ-ի» շենք, որն ըստ ակտիվիստների նույնպես կքանդվեր, եթե իրենք բողոքի ակցիա չբարձրացնեին:
Հետո նրանք կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ իրենց բողոքը պետք է արտահայտեն կառավարութան շենքի տանիքին կառուցվող թմբուկի դեմ, իսկ ամենավերջում քայլերթի մասնակիցները կշարժվեն դեպի «Փակ» շուկա:
Հիշեցնենք, որ վերջինս վերանորոգման է ենթարկվում ,իսկ օրերս քանդել էին շուկայի տանիքի մի հատվածը:
Հունիս 15, 2012 at 14:26
