

ԷկոԼուր- Forum NGO on ADB, BBC
Անգոլիայի մայրաքաղաք Լուանդայից 30 կմ հեռու կառուցվել է Կիլամբա քաղաքը: Ինչպես նշված է Ասիական զարգացման բանկի ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումի ցանցի տարածած հաղորդագրության մեջ (հղումն արված է BBC-ի տեղեկատվությանը), քաղաքը կառուցվել է Չինաստանի կառավարության ներդրումային նախագծի շրջանակում: Կիլամբան զբաղեցնում է 5000 հա տարածք: Նրանում կառուցված են 750 ութհարկանի բնակելի շենքեր, տասնյակ դպրոցներ եւ հարյուրավոր առեւտրի կետեր: 3,5 միլիարդ դոլլար արժողությամբ քաղաքը նախատեսված է կես միլիոն մարդու համար, ովքեր այդտեղ դժվար թե հայտնվեն: «Տեղի կառավարության կողմից նկարահանված գովազդային հոլովակում ներկայացված են ժպտացող ընտանիքներ, ովքեր վայելում են իրենց նոր կյանքը կենտրոնական Լուանդայի փոշուց ու անկարգություններից հեռու, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում են արվարձաններում: Սակայն տեսանյութում ընդամենը դերասաններ են: Չնայած փայլուն խաբեությանը՝ մի տարում վաճառքի հանված առաջին 2800-ից վաճառվել է ընդամենը 220 բնակարան: Նախագծի նման ոչ ժողովրդականությունը կարծես թե պայմանավորված է բնակիչների համար դրա արժեքով: Բնակարաններն այստեղ աժեն 120 հազարից 200 հազար դոլլար, իսկ դա մատչելի չէ Անգոլիայի բնակչության ամենաքիչը 2/3-րդի համար, ովքեր ապրում են օրական 2 դոլլարով: Փրկարար հիփոթեկն առաջարկվում է ծանր պայմաններով, որին չեն կարող համաձայնվել նույնիսկ լավ վարձատրվող գրասենյակային աշխատողները: Այժմ Անգոլիայի իշխանությունները մտածում են բնակարանների մի մասը երկարաժամկետ վարձակալության տալ, սակայն այդ նախագծի իրականացմանը քչերն են հավատում:
Կիլամբան կառուցվել է չինական վարկով դեպի Անգոլիայի նավթը մուտք ունենալու դիմաց: Եթե տեղի իշխանությունները չկարողանան տները վաճառել, ապա կստացվի, որ ներդրումներն ապարդյուն են եղել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի անունը չնշելու դեպքում կարելի է կարծել, որ խոսքը Հայաստանի մասին է. անհասկանալի է, որտեղ են ծախսվում վարկերը եւ պետական բյուջեի կողքով հոսող բնական հարստություններից՝ ոսկուց, պղնձից, մոլիբդենից, ռենիումից, ցինկից, երկաթից, տիտանից եւ այլնից ստացվող գումարները:
Հուլիս 05, 2012 at 20:35
