

ԷկոԼուր
Հուլիսի 11-ին` հերթական չորեքշաբթի օրը, Դալմայի այգիների հողօգտագործողները հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Նրանք պահանջում են փոխհատուցել իրենցից վերցրած այգիների համար: Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասացին հողօգտագործողները, իրենց Երեւանի քաղաքապետարանը խոստացել է արժանապատիվ փոխհատուցում, սակայն դեռ արդյունքը չի երեւում:
«Արդեն 10 տարի է, պայքարում ենք մեր իրավունքների համար: Ասում են փուլ առ փուլ կփոխհատուցենք, մենք ինչքան կարող ենք սպասել: Կամաց-կամաց պակասում ենք: Մահացավ մեր լավ հողոօգտագործողներից մեկը, ես ինձ լավ չեմ զգում…. Տունս քանդեցին, տունս… Գիտեք` իմ հողամասի գնորդն ով է, Սամվել Ալեքսանյանը: …Իմն էլ Սամվել Կարապետյանն է… Բայց ասում են, թե գնորդին չեն կարողանում գտնել… Կամ էլ ասում են, թե զանգահարում ենք, չի վերցնում… Շոուբիզնեսի ներկայացուցիչներին տներ բաժանեցին, իսկ մեր փոխհատուցումը չեն տալիս»,- բողոքում էին հողօգտագործողները:
Հիշեցնենք, որ 2004թ.` Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք, քաղաքապետարանը հատվածաբար վաճառեց Դալմայի այգիները, յուրօրինակ պատմամշակութային համալիրը` անտեսելով մարդկանց իրավունքները, ովքեր ստեղծել են այդ այգիները եւ պահպանել են մութ եւ ցուրտ 90-ականներին: Այժմ այգիների փոխարեն առանձնատներ են եւ բազմահարկ շենքեր:
Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի
Հուլիս 11, 2012 at 17:08
