Երիտասարդական պալատը 9 տարի առաջ քանդեցին, որ տարածքը բազալտի խճի հանքավայր դարձնեն. ճարտարապետ

Երիտասարդական պալատը 9 տարի առաջ քանդեցին, որ տարածքը բազալտի խճի հանքավայր դարձնեն. ճարտարապետ

Tert.am

2004-ին քանդեցին Երիտասարդական պալատը և այդպես էլ մինչ օրս խոստացված ավելի լավ շինությունը չկառուցեցին։ Այնտեղ՝ հենց քաղաքի կենտրոնում, այսօր բազալտի խճի հանքավայր է. լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երիտասարդական պալատի հեղինակ, ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը։

 «Այդ քանդելու անօրեն պրոցեսը սկսվել է և այդպես էլ շարունակվում է։ Եթե մեկն իր կիսաքանդ տունը որոշում է քանդել, նա քաղաքապետարանից թույլտվություն է խնդրում ոչ միայն քանդելու, այլ նաև ներկայացնում է նախագիծ, թե դրա փոխարեն ինչ է կառուցելու։ Երիտասարդական պալատի փոխարեն այդ ամենը չի արվել, ուղղակի ասել են քանդեք, առանց նախագծի»,- ասաց ճարտարապետը։

Ճարտարապետը նշեց, որ իր հեղինակած շինությունը Ռոբերտ Քոչարյանի օրոք քանդեցին, ով հիմնավորել էր, որ եթե ավելի լավն են կառուցելու, թող քանդեն։

«Պալատը սեփականաշնորհվել էր, դրա համար էլ քանդվել էր։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էր, ով ասել էր՝ «եթե ավելի լավն ես կառուցելու քանդի»։ Փաստաթուղթ ստորագրեցին, թե իբր այնպիսի ֆիզիկական վիճակում է, որ պետք է քանդեն։ Հարց է առաջանում՝ Մայր աթոռն էլ այդ վիճակում է պետք է քանդե՞ն, փոխարենը վերանորոգեն։ Եվ հետո ինչի՞ ես գնում մի բան, որը քեզ պետք չի ու քանդելու ես»,- հարցրեց նա։

Անդրադառնալով համացանցում հայտնված շինությանն՝ ըստ ճարտարապետի, ընդամենը Երիտասարդական պալատի տեղում կառուցվելու առաջարկ է։ «Ճապոնացի ճարտարապետ էր մրցույթը շահել, իսկ համացանցում հայտնված նկարը ուղղակի մի տղայի գործ է, որը ուղղակի ցույց է տվել, թե ինքը ինչ կարող է անել։ Հիմա ճապոնացին էլ չկա, նախագիծն էլ չկա։ Շինության ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ, չնայած որ քաղաքապետարանը նամակ է գրել այդ և մյուս կիսակառույցների վերաբերյալ, որպեսզի պարզի այդ շինությունների բախտը»,- ասաց նա։

Ճարտարապետը տեղեկացրեց, որ այժմ շուրջ 10 տարի կառուցված պալատի փոխարեն, այժմ բազալտի շահագործման հանքավայր է։ «Մի տասը մեքենա է դրել, բազալտը խճի է վերածում և վաճառում է մարդը։ Քաղաքի կենտրոնում ստեղծվել է հանքավայր, հիմա, որ Թռչկանը լիներ, աղմուկ կբարձրացնեին, բայց հենց քաղաքի ներսում հանք են բացել, ոչ ոք չի անդրադառնում դրան»,- նշեց նա։

Ճարտարապետի համար ամեն ինչի նկատմամբ անտարբերությունը հասկանալի է, բայց ոչ սեփական երկրի ու հողի նկատմամբ։ «Ամեն ինչի նկատմամբ անտարբերությունը հասկանալի է, նույնիսկ՝ ընտրությունների, բայց քո հայրենիքի, քո ունեցվածքի նկատմամբ անտարբերությունը անթույլատրելի է»,- եզրափակեց նա։

Հունվար 30, 2013 at 11:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր