Աբովյան փողոցի 3 և 3/1 հասցեների սեփականատերերը դատի են տվել Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությանը

Աբովյան փողոցի 3 և 3/1 հասցեների սեփականատերերը դատի են տվել Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությանը

ԷկոԼուր

Աբովյան 3 և 3/1 հասցեների 7 սեփականատերեր դատի են տվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ Դիվելոփեր» ՍՊԸ-ին: Նրանք  դատարանից պահանջում են դադարեցնել Երևանի Աբովյան 3 (ԱՕԿՍ-ի շենք) և 3/1 հասցեներում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքերից մոտ 80 սմ հեռավորության վրա քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցվող  բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Սույն թվականի մարտի 21-ին` ժամը 11:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճուղի 3/9, Լամպերի գործարանի հարևանությամբ) տեղի կունենա տվյալ գործով դատական 2-րդ  նիստը: Գործը քննում է դատավոր Կարինե Պետրոսյանը:

«Ի պատասխան հայցվորների հարցումների ՀՀ քաղաքաշինության նախարարը պատասխանել է, որ վիճելի շինարարությունը իրականացվում է ՀՀ գործող թվով երկու քաղաքաշինական նորմերի խախտմամբ՝ հակահրդեհային և սեյսմիկ անվտանգության՝ պարտադիր կանոնների խախտմամբ: Նույն պատասխանն է տվել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հայաստանի ճարտարապետների միությունը ևս հաստատել է խախտումների առկայությունը և ի լրումն դրան հայտնել է նաև, որ, շենքի նախագիծը հաստատելիս, Երևանի քաղաքապետարանը հարցը չի դրել քաղաքաշինական խորհրդի քննարկմանը:

Չնայած սույն փաստերի, դատարանը հերթական անգամ մերժում է հայցվոր կողմի միջնորդությունները և արգելանքի չի վերցնում ՀՀ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացվող շինարարությունը»- «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Հայցվորներից Աիդա Գասպարյանի փաստաբան Սամվել Դավթյանն էլ տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանը հյուրանոցային համալիրի նախագիծը հաստատելու համար հիմք է ընդունել «Լավո»ՍՊԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը, ըստ որի քաղաքաշինական նորմերի խախտում չկա: «Այս ըներությանը լիցենզիա է տվել հենց Քաղաքաշինության նախարարությունը, որը հաստատում է, որ խախտումներ կան: Այսինքն`«Լավո» ՍՊԸ-ն իրեն լիցենզավորող մարմնին հակառակ եզրակացություն է տվել»,- ասաց Սամվել Դավթյանը: Նա նաեւ նշեց, որ հայցվորներից 6-ը պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի սեփականատերերն են:

Մարտ 20, 2013 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր