Երևանի Փոքր Կենտրոնի կառուցապատումը նոր դժգոհություններ է առաջացրել Ամիրյան 18, Ամիրյան 18ա, Մաշտոցի 15 շենքերի բնակիչների շրջանում

Երևանի Փոքր Կենտրոնի կառուցապատումը նոր դժգոհություններ է առաջացրել   Ամիրյան 18, Ամիրյան 18ա, Մաշտոցի 15 շենքերի բնակիչների շրջանում

ԷկոԼուր

Երևանի Փոքր Կենտրոնի կառուցապատումը նոր դժգոհություններ է առաջացրել բնակիչների շրջանում: «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ  Ամիրյան 18, Ամիրյան 18ա, Մաշտոցի 15 շենքերի բնակիչներից, որ իրենց բակը սկսել են կառուցապատել:

«Շենքերի միջև անկյունային հատվածում տեղակայված բակի ամբողջ տարածքը քանդված է, փորված և օրերս տեղադրվել են բարձրահարկ հսկա շենքի կառուցապատման համար գցված հիմնասյուները: Այս տարածքում արդեն իսկ առկա է նորակառույց բարձրահարկ շենքերի մի մեծ շարասյուն, մնացել էր միայն այդ փոքր տարածքը, որը դեպուտատները ընտրությունների ժամանակ ժողովրդին խոստացան այգի դարձնել, իսկ ընտրվելուց կարճ ժամանակ անց  սկսվեց շենքի շինարարությունը: Խնդրում ենք Ձեր աջակցությունը դադարեցնելու նման նախագիծը, որը թե էկոլոգիապես, և թե անվտանգության առումով շատ վատ է անդրադառնալու բնակիչների վրա»,- գրել են բնակիչները:

Տեղում  «ԷկոԼուրը» պարզեց, որ 7 տարվա ընթացքում տեղի մոտ 20 սեփական տուն գնվել է բնակիչներից, իսկ տարածքը՝ սեփականաշնորհվել: Զրուցել շինարարական աշխատանքների  պատասխանատուի  հետ կամ պարզել, թե ով է սեփականատերը և ինչ է կառուցվում, այդպես էլ չհաջողվեց: Ներկաները խուսափում էին որևէ հարցի պատասխանել և միայն  կրկնում էին՝  դիմեք քաղաքապետարան: Տարածքը ցանկապատողներից մեկի խոսքերով (վերջինս  չցանկացավ ներկայանալ)՝ ամեն ինչ օրինական է, քաղաքապետարանը տվել է իր թույլտվությունը կառուցապատման համար: Ցանկապատողի կողքին կանգնած մյուս անձն էլ ասաց, որ տարածքը, մասնավոր սեփականություն է, և տերը ինչ ցանկանա, դա էլ կկառուցի: Իսկ ԷկոԼուրի այն հարցին, թե արդյոք կառուցվում է բարձրահարկ շենք, նա պատասխանեց` նման մի բան:

Շենքի բնակիչներն արդեն մեկ տարի է` բողոքում են, որ իրենց բակը չկառուցապատվի:

«Անցյալ տարի աշնանն էր, դիմում ենք գրել, թաղապետարան ենք տարել, բայց ո՞վ է մեզ բանի տեղ դնում: Չգիտեմ էլ ինչ է կառուցվում: Էս փոքր տեղը երևի մեղր է քսած, թող էդ թաղապետը գա, տեսնի էլի: Մենք բոլորս դեմ ենք …»,-ասաց բնակիչներից մեկը: Մյուսն էլ նշեց. «Պիտի տեսադաշտ լինի, բան լինի: Ով ինչ ուզում է, կառուցում է, տենց ոնց կլինի: Իհարկե դեմ ենք»:

Հարցի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ տեղյակ չէ խնդրից և առայժմ մանրամասն տեղեկատվություն չի կարող տրամադրել:

Ապրիլ 04, 2013 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր