ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ

Ա1+ 

Կապանի տարածքը թունավորված է, էկոլոգիական վիճակը ծանր,  եւ օդը աղտոտված է: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքերով՝ հողի,  ջրի եւ սննդամթերքի մեջ հայտնաբերվել են թունավոր  ծանր մետաղներ: Նույնիսկ մի քանի  էլեմենտներ են հայտնաբերվել, որի կոնցենտրացիան ոչ թե տաս անգամ, այլ հարյուր անգամ գերազանցում է նորման: Այդ թունավոր  նյութերը չեն քայքայվում, դրանք  կուտակվում են  ջրում, հողում  եւ ամենակարեւորը մարդկային օրգանիզմի մեջ: «Սա ազդում է առողջության ամենակարեւոր համակարգերի' իմունային եւ գենոֆոնդի վրա»- ասում է նա:

Կապան համայնքի ներկայացուցիչները՝ ի դեմս «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն շատ անհանգստացած են Կապանի հետ կապված էկոլոգիական խնդիրներով: Այդ առթիվ էլ  այսօր ՀԿ-ն նամակ է տարածել:
 
«Մենք անհանգստացած ենք, որ չունենք «Deno Gold Mining» ընկերության գործունեության վերաբերյալ ստուգումների արդյունքները, որոնք կատարվել են 2007-ից 2008 թվականներին Բնապահպանության նախարարության եւ Սյունիքի բնապահպանական տարածքային տեսչության կողմից:

Սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Ընկերությունը շարունակում է Կապանի տարածքները աղտոտել հարյուր հազարավոր խմ դատարկ ապարներով եւ թափոններով»,- նշված է նամակում:
  
Ինգա Զարաֆյանի խոսքերով՝ տեղի բնակիչները որեւէ փոխհատուցում չեն ստանում, թեեւ պոչամբարը բաց է, իսկ դրա կողքին շարված են տները:
    
Կապանցիները ոչ մի փոխհատուցում չեն ստացել, թեեւ օդի թունավորումից անասուններն են սատկել եւ երեխաների մաշկն է պլոկվել:
  
Ինգա Զարաֆյանն ասում է, որ արդյունքների տրամադրումից հետո նրանք կկարողանան Կապանի բնակչության  իրավունքները պաշտպանել:
  
Իսկ թե ինչո՞ւ Բնապահպանության նախարարությունը  չի ներկայացնում  փաստաթղթերը, Ինգա Զարաֆյանը չգիտի: «Նրանք ուղղակի լղոզված ձեւով են ամեն ինչ ներկայացնում»:
   
Բնապահպանի խոսքերով' չնայած բազմաթիվ խնդիրներին, մենք կորցնում ենք մեր երեխաների ապագան, քանի որ գենոֆոնդը քայքայվում է:

Հոկտեմբեր 29, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր