

ԷկոԼուր
Հայաստանում անցկացվեց առաջին բուսակերական Vegan Fest Yerevan փառատոնը` «Ընտրիր կյանքը» կարգախոսով: Փառատոնի կազմակերպիչները տարածեցին առողջ ապրելակերպի իրենց գաղափարը. «Կենդանիներին պետք է սիրել, այլ ոչ թե սպանել, չէ որ նրանք մեր չորքոտանի ընկերներն են»: Փառատոնի կազմակերպիչներից Անի Խաչատրյանի խոսքով` բուսակերական փառատոնի կազմակերպման գաղափարը կար դեռևս անցյա տարի: «Մի քանի ամիս առաջ Ռուսաստանից մեզ գրեցին երիտասարդներ, որոնք կազմակերպում են նման փառատոններ տարբեր երկրներում: Առաջարկեցինք փառատոն կազմակերպել նաև Հայաստանում: Սա ոչ միայն բուսակերության, այլ նաև առողջ ապրելակերպի և կենդանիների պաշտպանության փառատոն է, քանի որ այդ բոլորը իրար հետ փոխկապակցված են: Նաև հնարավոր է հետագայում լինեն այդ ուղղությամբ տարբեր ակցիաներ»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Անին:
Փառատոնին ներկա էր նաև Ռուսաստանից ժամանած Օլեգ Օզերովը, ով նմանատիպ փառատոններ է կազմակերպում Ռուսաստանում և այլ երկրներում: «Ոչինչ չի ծախսում այնքան ռեսուրսներ, օրինակ` ջուր, էլեկտրականություն, որքան կենդանաբուծությունը: Բացի այդ, այն աղտոտում է շրջակա միջավայրը»,- իր ելույթում նշեց Օլեգը:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Դինգո հասարակական բարեգործական կազմակերպությունը` իր որդեգրման ենթակա կենդանիների հետ: Դինգո թիմը զբաղվում է թափառող կենդանիների հիմնախնդրի լուծմամբ: «Մեր խնդիրն է փողոցներից վերցնել շներին` հիվանդներին բուժել, առողջներին փորձել տերեր գտնել, այսինքն` ուզում ենք այդ պատկերը մեր փողոցներում մինիմումի հասցնել: Բացի շներից օգնություն ենք ցուցաբերում նաև բոլոր այն կենդանիներին, որոնք մեզ հանդիպում են՝ բուժում ենք, կերակրում, լողացնում: Ունենք մինի կացարան, որտեղ ապրում են որդեգրման ենթակա կենդանիները, և այն կենդանիները, որոնք խնամքի կարիք ունեն: Կենդանիներին մենք միշտ տալիս ենք որդեգրման: Այսպիսի ակցիաներ շատ հաճախ ենք ունենում»,- ասաց Դինգո թիմի կամավոր Լյուսի Հարությունյանը` նշելով, որ իրենք ինքնաֆինանսավորվող կազմկերպություն են, այդ իսկ պատճառով հնարավորությունները մեծ չեն:
Փառատոնի ընթացքում անցկացվեցին նաև համերգներ, դասախոսություններ, սպորտային միջոցառումներ, ինչպես նաև բուսական սննդի հյուրասիրություն:
Հոկտեմբեր 01, 2013 at 17:59








