Հայտնի են 2013թ. Հայաստանի կանաչապատ եւ մաքուր համայնքների անունները, Երեւանը նրանց մեջ չէ

Հայտնի են 2013թ. Հայաստանի կանաչապատ եւ մաքուր համայնքների անունները, Երեւանը նրանց մեջ չէ

ԷկոԼուր

Հայտնի են 2013թ. Հայաստանի կանաչապատ եւ մաքուր համայնքների անունները, Երեւանը նրանց մեջ չէ: Նոյեմբերի 10-ին` «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխության ժամանակ, «Կանաչապատ համայնք» է ճանաչվել Ստեփանավան քաղաքային համայնքը, իսկ Իջեւան քաղաքին այս անվանակարգում տրվել է հատուկ մրցանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աղբյուրի համաձայն` 2013 թվականի լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Վայոց ձորի Ռինդ համայնքը։ «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակների են արժանացել Ապարան, Քաջարան, Մերձավան, Պեմզաշեն համայնքները:

«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակներ են շնորհվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային եւ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղական համայնքներին:

Մշակութային լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքը, գյուղական համայնք` Արմավիրի մարզի Փարաքար համայնքը: Հաշվի առնելով «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչված» Գյումրիում տարվա ընթացքում անցկացված միջոցառումները` Գյումրիին շնորհվել է հատուկ մրցանակ:

Հայաստանի մայրաքաղաք Երեւանին մրցանակ չի շնորհվել: Հիշեցնենք, որ 2012թ. Երևանը հաղթող էր ճանաչվել «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն կանաչապատ համայնք 2012» անվանակարգում:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր: Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգն արդեն 17 տարեկան է:

Նոյեմբեր 13, 2013 at 13:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր