

ԷկոԼուր
Կառավարությունը պարզել է, որ այս տարի Ջերմուկ քաղաքում բնակլիմայական պայմանների փոփոխության և բուսածածկի չորացման արդյունքում մոծակները և այլ խայթող միջատները օգոստոսից պատրաստվում են ձմեռման: Այս պատճառաբանությամբ սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը որոշեց չեղյալ հայտարարել վնասատուների դեմ պայքարի ծառայությունների համար հայտարարված մրցույթը: Վնասատուների դեմ պայքարի համար կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 4 միլիոն 576 հազար դրամ էր հատկացրել դեռ 2014թ-ի հուլիսի 3-ին` 668 – Ն որոշմամբ:
Հիշեցնենք, որ Ջերմուկում մոծակների եւ միջատների դեմ պայքարը առաջացրել է մեծ բնապահպանական խնդիր: 2010թ-ին «Ցիպերմետրին», «Սոլֆակ», «Ալֆակրոն» եւ «Քլորոֆոս» տեսակի թունաքիմիկատներով Ջերմուկում մոծակների դեմ պայքարի արդյունքում խախտվել է տեղի կենդանական աշխարհի սնման շղթան. վերացել են այն միջատները, որոնցով սնվում էին թռչունները, վերացել են այն թռչունները, որոնցով սնվում էին գիշատիչ թռչունները, ոչնչացել են աղվեսները, որոնք սնվում էին այդ թռչուններով:
Սեպտեմբեր 19, 2014 at 12:04
