Ծիծեռնակաբերդի պուրակն անտառապատվում է

Ծիծեռնակաբերդի պուրակն անտառապատվում է

ԷկոԼուր

Ծիծեռնակաբերդի անտառ-պուրակի 10 հա տարածքում իրականացվում են ծառատնկման աշխատանքներ: Այն իրականացվում է համաքաղաքային ծառատունկի շրջանակներում: Նոյեմբերի 8-ին ծառատունկին մասնակցեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նախատեսվում է, որ մեկ շաբաթից  ծառատնկման աշխատանքները Ծիծեռնակաբերդում ավարտին կհասցվեն: «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի անտառ-պուրակի տարածքի ծառատնկման աշխատանքների նախահաշվանախագծային փաստաթղթերի կազմում» փաստաթղթի համաձայն` անտառ-պուրակում կտնկվի 6725 հատ 21 տեսակի ծառատեսակ եւ 13 տեսակի թփատեսակ: Մասնավորապես տնվելու է ՀՀ կարմիր գրքում գրանցված 25 արջատխլենի ծառատեսակ:

Ծառատեսակներն ու թփատեսակները ձեռք են բերվել «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ից, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններից, մասնավոր տնկարաններից:

Ծառատունկի իրականացման համար իրականացվել է անտառտնկման տարածքի մաքրում թափուկից  և այլ մնացորդներից, 2200 ծառի եւ թուփի չորացած ճյուղերի, բնաշիվերի հատում և տեղափոխում, տարածքի ոռոգման 3700գծմ ջրագծի վերանորոգում, ապա տնկանյութի տնկման և աշնանային խնամքի աշխատանքներ:

Ծիծեռնակաբերդի կանաչ զանգվածը ստեղծվել է  1949 թվականին: Այն  ռեկրացիոն գոտի լինելուց զատ, բարելավում էր մայրաքաղաքի բնակլիմայական  պայմանները` ստեղծելով նպաստավոր միկրոկլիմա: 20-րդ դարի 90-ական թվականներին` սոցիալ- տնտեսական ճգնաժամի պայմաններում,  գրեթե ամբողջությամբ հատվել են Ծիծեռնակաբերդի կանաչ զանգվածները: Ոռոգման համակարգի խաթարման հետևանքով շարքից դուրս են եկել բազմաթիվ խոնավասեր ծառեր ու թփեր` առաջացնելով բազմաթիվ բացատներ` հատկապես Ծիծեռնակաբերդի բլրի լանջերի հարավային կողմնադրություններում: Ծառատունկն իրականացվել է  հենց այս հատվածում:

Նոյեմբեր 25, 2014 at 14:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր