

Ա1+
25 տարվա 17 ծառերի տեղում «Հայռուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Վարդան Հարությունյանը նախատեսում է կառուցել առանձնատուն:
Համենայնդեպս, այդ են վկայում Բաղրամյան 3-րդ նրբանցքի բնակիչները ու նրանց ձեռքում հայտնված` այդ հատվածում կառուցվող շենքի հատակագիծը:
«Ա1+»-ը ահազանգ էր ստացել այս հասցեի բնակիչների կողմից, որ իրենց ձեռքով կառուցված պուրակում շաբաթ օրը կտրվել են ծառերը, իսկ այսօր այնտեղ սկսել են շինարարություն իրականացնել:
180 քմ հողահատվածում մի քանի շինարարներ աշխատում էին, իսկ բնակիչները նրանց կողքին հավաքված բողոքում էին:
Օրինակ, Դավիթ Ավետիսյանը «Ա1+»-ին ասաց, որ 2006թ. կատարվել է կեղծ, անօրինական հողահատկացում քաղաքապետարանի կողմից: Այդ հիմք ընդունելով` սեփականատեր Վարդան Հարությունյանը իրենց ասել է, թե հողը իրենն է, ինչ ուզի, կանի:
«Ասաց, ուզում եմ` կտրում եմ, ուզում եմ` շենք եմ կառուցում: Քանի որ հողի տերն է, ինչ ուզի կանի: Մեր բողոքը, պայքարը նրանում է, որ 2006թ. քաղաքապետարանի որոշումը անօրինական ճանաչվի եւ պուրակը վերականգնվի»,- ասաց նա` ավելացնելով, որ Վարդան Հարությունյանը տեղյակ չի եւ ինքը միջնորդավորված հաղորդել է նրան, որ այս հողակտորը 50 տարի առաջ եղել է գերեզմանոց, բնակիչները գերեզմանոցի պատկերը փոխելու համար ծառեր են տնկել:
Իսկ 14 տան բնակիչ Գուրգեն Հակոբյանը նշեց. «Ես չեմ մեղադրում այս տիրոջը, այլ իրավունք տվողին: Բնակչությունը բակ չունի եւ միակ տարածությունը այս այգին էր, երեխաների միակ հավաքման վայրը: Ամեն օր հեռուստացույցով լսում ենք` կոռուպցիայի դեմ պայքար, կաշառակերության դեմ պայքար, ո՞նց կարող է առանց կաշառքի այս տարածությունը, ծառերը կտրեն եւ հատկացնեն»:
Բնակիչները դիմել են տարբեր ատյանների, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չկա:
Բնակիչներին այցելել են նաեւ Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:
Ի դեպ, «Հայռուսգազարդ» ընկերության մամլո խոսնակը չցանկացավ մեկնաբանել` նշելով, որ բողոքը իրենց ընկերությանը չի վերաբերվում:
Փետրվար 01, 2010
