Բուսաբանն անհանգստացած է Երեւանում ընթացող ծառերի խորը էտով

Բուսաբանն անհանգստացած է Երեւանում ընթացող ծառերի խորը էտով

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսեսյանն անհանգստացած է Երեւանում ընթացող ծառերի խորը էտման աշխատանքներով: ԷկոԼուրին ուղարկած նամակում Անուշ Ներսեսյանը գրում է.

«Կրկին «գլխատում են» մեր քաղաքում ծառերը

Մի քանի տարի առաջ Բուսաբանական այգու մոտակայքի հասուն եւ ամբողջովին առողջ ուռենիները թողեցին առանց ճյուղերի: Այս տարի ճյուղերն աճել էին եւ ծառերը դարձել էին գեղեցիկ: Երեկ կրկին սկսեցին խորը էտի ենթարկել այդ ուռենիները: Կրկին ծառերը զրկվում են իրեց գեղեցիկ կախված ճյուղերից:

Մնում է կրկին ու կրկին նույն հարցը տալ: Ո՞րն է երեւանցիներին ոչ միայն գեղեցիկ տեսարանից, այլեւ կանաչ գոտուց զրկելու իմաստը, որը բարելավում է օդը եւ փրկում է քաղաքը փոշուց եւ արտանետված գազերից:

Ցավոք` Ավան-Նորքի զանգված ճամփաբաժանի ուռենիները բազմաթիվ օրինակներից մեկն են: Արդեն քաղաքի շատ փողոցներում մնացել են ծառերի` սոսիների, կնձնենիների, հացենիների, բարդիների այլանդակված բները:

 Եթե մտածենք, որ մեզ գեղեցկություն պետք չէ, ապա գոնե մեր երեխաների առողջության մասին պետք է մտածել: Չէ որ խորը էտից հետո բազմաթիվ անգամ կրճատվում է տերեւների ընդհանուր մակերեսը: Չէ որ հենց կանաչ տերեւներն են կլանում ածխաթթու գազը, տալիս թթվածին, որսում են փոշին եւ ծանր մետաղները»:

ԷկոԼուրը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունը հրավիրում է այս նամակի վրա:

Հիշեցնենք, որ օրերս Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մինչ օրս Երեւանում էտվել և ձևավորվել է շուրջ 7 հազար ծառ:

 
 
 

Մարտ 20, 2015 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր