

ԷկոԼուր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համաժողովների դահլիճում սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ Երևանում փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը «Մոլորակի ժամ» միջազգային բնապահպանական միջոցառման համատեքստում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքաշինության, քաղաքային զարգացման, էներգետիկ անվտանգության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի կենտրոնը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին միացնող ճանապարհահատվածում` Իսակովի պողոտայում և Թաիրովի փողոցում, տեղադրվել են մոտ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ` ապահովելով ճանապարհային մակերեսի գործող պահանջներին համապատասխանող լուսավորություն: Լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի /ՄԱԶԾ-ԳԷՖ/00074869/ շրջանակներում՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրած նամակ-հուշագրի:
Նոր համակարգի տեղադրումն ապահովում է էլեկտրաէներգիայի շուրջ 63 տոկոս խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել մոտ 45,000 ԱՄՆ դոլար: ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ ծրագիրը թույլ կտա տարեկան 220 տոննայով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները:
Լուսավորությունը (ջեռուցումից հետո) Հայաստանի քաղաքներում ջերմոցային գազերի արտանետումների երկրորդ խոշորագույն աղբյուրն է և կազմում է քաղաքների ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների մոտ մեկ երրորդը և քաղաքների էլեկտրաէներգիայի ծախսերի մինչև 50 տոկոսը: Քաղաքային լուսավորության առումով Երևանն ամենախոշոր սպառողն է. ծախսում է երկրում քաղաքային լուսավորության համար սպառվող ամբողջ էներգիայի մոտ 90 տոկոսը: Հենց այս հանգամանքով է պայմանավորված որպես հիմնական գործընկեր Երևանի քաղաքապետարանի ընտրությունը, միջոցառման ընթացքում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ըստ նրա` մեկնարկած բնապահպանական միջոցառումը տեղական ինքնակառավարման մարմինների հետ հեռանկարային համագործակցության արդյունք է և հնարավորություն է տալիս նորովի գնահատելու էներգախնայողությունը` որպես բնապահպանական խնդիր:
Նախարար Գրիգորյանը նշեց, որ բնապահպանության նախարարությունը, կարևորելով կլիմայի փոփոխության հիմնախնդիրը, հետևողականորեն ներդնում է իր լուման, ինչպես նաև համակարգում է երկրում իրականացվող բոլոր այն գործընթացները, որոնք գումարվում են կլիմայի փոփոխությունը զսպելու համամոլորակային ջանքերին:
«Երևան քաղաքը` որպես հանրապետության մասշտաբով քաղաքային լուսավորության բնագավառում ամենախոշոր սպառող, ավելի մեծ պատասխանատվություն է կրում թե՛ ռեսուրսների արդյունավետ կառավարման, և թե՛ արտանետումների կրճատման առումով։ «Կանաչ տնտեսական զարգացման» խրախուսման, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի բարելավման նպատակով մայրաքաղաքը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20%-ով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալը», - ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա նշեց, որ նախատեսում է Երևանի կենդանաբանական այգին ևս ապահովել նոր, էներգաարդյունավետ լուսավորության համակարգով:
«Ցածր ածխածնային ռազմավարությունը բավական հավակնոտ, սակայն իրատեսական նպատակ է Հայաստանի համար, ինչն առավել հասանելի է դառնում` նորարարական տեխնոլոգիաների առաջընթացին զուգահեռ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսանկյունից այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար, քանի որ Հայաստանն էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացման մեծ ներուժ ունի: Թեև փոքրամասշտաբ, բայց հաջողված այս համատեղ նախագիծը սահմանում է էներգաարդյունավետ լուսավորության նոր չափանիշներ, և մենք պետք է համագործակցենք Հայաստանի կառավարության և դոնոր համայնքի հետ այս հաջողված ծրագիրն ընդլայնելու համար»,- ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն:
«Մոլորակի ժամ» ամենամյա բնապահպանական միջոցառման շրջանակներում ընդունված է յուրաքանչյուր տարվա մարտի վերջին շաբաթ օրը, ժամը 20:30-ից 21:30-ը, խորհրդանշական մեկ ժամով անջատել լույսերը՝ ի նշան մոլորակի հանդեպ ունեցած պարտավորությունների:
![]() |
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մարտ 30, 2015 at 18:14

