Ջերմամեկուսացման աշխատանքների արդյունքում Ավանի շենքի ջեռուցման ծախսը կրճատվել է շուրջ 60 տոկոսով

Ջերմամեկուսացման աշխատանքների արդյունքում Ավանի շենքի ջեռուցման ծախսը կրճատվել է շուրջ 60 տոկոսով

ԷկոԼուր

Էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունքում Երևանի Ավան վարչական շրջանի Դ.Վարուժան թաղամասի #6 բազմաբնակարան շենքի ջերմային էներգիայի տեսակարար բնութագիրը բարելավվել է շուրջ 60 տոկոսով`178  կՎտժ/մ2 տարի ցուցանիշը նվազել է մինչև 74 կՎտժ/մ2 տարի: Արդյունքում հնարավոր է եղել շենքում ապահովել բավական մատչելի ջեռուցում բնակիչների համար (մոտ 287 դրամ/մ2 ամիս, 100 տոկոս ջերմային հարմարավետության մակարդակի պայմաններում): Շենքի մակարդակով տարեկան  տնտեսումը կազմում է շուրջ 6 միլիոն դրամ (գազի և էլեկտրաէներգիայի ներկա սակագներով):

Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն էր իրականացնել տիպային շենքերի ջերմաարդիականացում և ցուցադրել գոյություն ունեցող շենքերի էներգաարդյունավետության ներուժը և միջոցառումների տնտեսական հիմնավորվածությունը:

Հաշվի առնելով նմանատիպ շենքերի էներգետիկ ծախսերի նվազեցման, ինչպես նաև երկրի էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այժմ բանակցություններ են տարվում, որ բազմաբնակարան շենքերի ջերմաարդիականացման այս փորձը շարունակական դառնա:

Հիմնական խոչընդոտներ են հանդիսանում մատչելի ֆինանսական ռեսուրսները և շենքերի բնակիչների կոլեկտիվ որոշումներ ընդունելու պատրաստակամությունը:

«Ներկայումս կոմերցիոն բանկերը Հայաստանում տալիս են գումար անհատական բնակարանների ջերմամեկուսացման աշխատանքների համար: Սակայն էներգախնայողության միջոցառումների արդյունավետությունը կախված է ամբողջ շենքի մակարդակով իրականացվող միջոցառումներից: Էներգախնայողության մեջ ներդրված գումարների վերդարձելիությունը կարճաժամկետ չէ, այդ իսկ պատճառով նման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են մատչելի տոկոսադրույքներ և լրացուցիչ խրախուսական մեխանիզմներ, ինչը դժվար իրականանալի է առևտրային բանկերի պարագայում…», - ասաց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

Շենքերի ջերմամեկուսացման հիմնական նպատակն է նվազեցնել էլեկտրական և ջերմային էներգիայի սպառումը, դրանով կրճատել  ջերմոցային գազերի արտանետման ծավալները:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Ապրիլ 09, 2015 at 18:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր