Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում բարձրացրել է Քաջարանի փոշու խնդիրը

Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում բարձրացրել է Քաջարանի փոշու  խնդիրը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության թերացումներից է Քաջարանում փոշու մոնիտորինգ չիրականացնելը: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի  «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում: ՀՀ Օմբուդսմենը, հղում անելով է ԷկոԼուրի` «Ահազանգ Քաջարանից` փոշու պատճառով մեր երեխաները հայտնվում են հիվանդանոցում» նյութին, զեկույցում գրել է. «Բողոքներ են ստացվել, որ Քաջարանում օդի մեջ առկա է մեծ քանակությամբ փոշի, ինչը խախտում է բազմաթիվ անձանց՝ իրենց առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

2014 թվականի ընթացքում Քաջարան քաղաքի բնակիչները բազմիցս ահազանգել են քաղաքում օդի մեջ մեծ քանակությամբ փոշու առկայության մասին, մասնավորապես նշելով, որ օրական 3-ից 4 ժամ քաղաքն ամբողջությամբ գտնվում է փոշու մեջ, որն առաջանում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի գործունեության արդյունքում: Նշենք, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում: Հատկանշական է, որ փոշին` ծծմբի և ազոտի երկօքսիդների և գետնամերձ օզոնի հետ մեկտեղ, հանդիսանում է օդի գետնամերձ շերտի 4 աղտոտիչներից մեկը և ներառված է մթնոլորտն աղտոտող նյութերի ցուցակում, իսկ Քաջարանը ընդգրկված է առավել ռիսկային և խոշոր քաղաքների ցանկում, ինչից կարելի է եզրակացնել, որ Քաջարանում օդային ավազանի աղտոտվածության մոնիտորինգ իրականացնելիս անհրաժեշտ է կատարել նաև փոշու մոնիտորինգ՝ առավել ևս, որ Նախարարությունը տեղյակ է եղել խնդրի առկայության մասին: Այնինչ, ըստ Նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության` Նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Քաջարանում ուսումնասիրվել է միայն ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի թույլատրելի չափերի առկայությունը, որոնք քաղաքի 15 դիտակետից պասիվ նմուշառիչներից վերցված փորձանմուշների ուսումնասիրման արդյունքում դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Այնուամենայնիվ, չնայած քաղաքացիների ահազանգերին և Նախարարության կողմից 2014 թվականին ստացված երկու հարցումներին` Քաջարան քաղաքում փոշու մոնիտորինգ այդպես էլ չի իրականացվել` տեղում համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով: Նշենք, որ ՀՀ բնակավայրերի (բացառությամբ Երևան, Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաները որոշվում են հետևյալ աղյուսակով՝488 ելնելով տվյալ բնակավայրի ազգաբնակչության քանակից.

Բնակչության քանակը

(հազ.)

Որոշված նյութերի ֆոնային կոնցենտրացիաները մգ/մ3

Փոշի

Ծծմբի երկօքսիդ

Ազոտի երկօքսիդ

Ածխածնի օքսիդ

50-125

0.4

0.05

0.03

1.5

10-50

0.3

0.05

0.015

0.8

<10

0.2

0.02

0.008

0.4

Աղյուսակի տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ եթե բնակավայրի բնակչության քանակը 10.000-ից պակաս է կազմում, ապա այդ բնակավայրում մթնոլորտում առկա փոշին չպետք է գերազանցի 0,2 մգ/մ3: Դեռևս 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ489 Քաջարան քաղաքի բնակչությունը կազմում էր 8500, սակայն քաղաքում մինչ օրս չի իրականացվել փոշու մոնիտորինգ, այն էլ այն դեպքում, երբ ի տարբերություն փոքր բնակչություն ունեցող այլ համայնքների՝ Քաջարանում բաց եղանակով շահագործվում է պղնձամոլիբդենային հանքավայր: Թեև Նախարարության տեղեկացմամբ՝ ներկայում աշխատանքներ են տարվում Քաջարան քաղաքում մթնոլորտային օդում փոշու մոնիտորինգ անցկացնելու նպատակով՝ այնուամենայնիվ, խնդիրը դեռևս մնում է չլուծված:

Առաջարկ. հնարավոր սեղմ ժամկետներում Քաջարան քաղաքում իրականացնել օդում փոշու թույլատրելի չափերի առկայության մոնիտորինգ և փոշու թույլատրելի սահմանաչափի խախտում հայտնաբերելու դեպքում անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ»:



Ապրիլ 14, 2015 at 16:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր