

ԷկոԼուր
Սույն թվականի հունիսի 25-ին գործադիրը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց Երեւանի Արշակունյաց պողոտայի, Նորագավիթի, Արտաշատի խճուղու, Շիրակի փողոցի, Արգավանդ գյուղի Սարալանջի փողոցի եւ Գետափնյայի գյուղական համայնքի հողերի նկատմամբ: Նպատակը Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղու և Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու շինարարական աշխատանքների իրականացումն է: Ճանապարաշինությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի և Տրանշ 2-ի շրջանակներում: Միայն Ծրագրի Տրանշ-1-ի (Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում) համար ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից ստացել է 48 640 000 ԱՄՆ դոլար վարկ, որը տրամադրվել է 32 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման թիվ 1 ծրագրի (ՀՕՏԾ-1) համաձայն, որը գործադիրը հաստատել է 2013թ-ի նոյեմբերի 14-ին, կհատվի 3797 ծառ, որոնցից 3,568-ը մրգատու, 61-ը փայտանյութ տվող և 168-ը դեկորատիվ ծառեր են: Արտաշատի համայնքը կկորցնի ողջ մրգատու ծառերի 81%-ը: Կօտարվի 114 հողամաս` ընդգրկելով 35,257.53 մ² ընդհանուր մակերեսով տարածք: 114 հողամասերից 90-ն օգտագործվում են որպես փոքր այգիներ` բանջարեղեն, մրգատու և փայտանյութ/դեկորատիվ ծառեր աճեցնելու նպատակով: Այս հողամասերը հիմնականում տեղակայված են մարդկանց բնակարանների դիմաց: Ճանապարհաշինության արդյունքում տարբեր տեսակի բանջարեղենի տարեկան կորուստը ընդհանուր կկազմի 1,159.29 կգ:
Երեւանի ճանապարհաշինության համար կհատվի 3797 ծառ
Երեւանի ճանապարհաշինության նախագծի ՇՄԱԳ-ում ազդեցության ենթակա ծառերի թիվը նվազեցված է
Հունիս 26, 2015 at 17:04
