

Ա1+
Ազգային գրադարանի հարակից պուրակում գարունը սկսվել է կանաչ տարածքները փոխարինելով սրճարաններով:Պուրակում միմյանցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա մարտի 1-ից միաժամանակ սկսվել են 2 սրճարանների շինարարական աշխատանքները:
Սրճարաններից մեկը կառուցում է «Էլեգանտ-5» ՍՊԸ-ն, մյուսը` «Ֆիլիշին» ՍՊԸ-ն: Երկու կառույցների դեպքում էլ կա Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունը:
Դրանցից մեկը կառուցվում է Տերյան փողոցին հարակից հատվածում` Երեւանի ճարտարագիտական համալսարանի դիմաց` 1960-ական թթ. տեղադրված Ապոլլոնի արձանի փոխարեն: Ըստ շինպլանի` արձանը տեղաշարժվել է ու տեղադրվել շինհրապարակից դուրս:
Մյուս սրճարանը կառուցվում է ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանի մոտ` Աբովյան փողոցին հարակից տարածքում:
Ի տարբերություն Ապոլլոնի արձանի, այս արձանը չեն տեղաշարժել: Ի դեպ, այս սրճարանը 1990-ական թթ. ստեղծված հնաոճ սրճարանի նորովի վերակառուցումն է: Այս շինհրապարակը չկարողացանք նկարահանել, թեեւ աշխատողներից մեկը մեզ փորձեց վստահեցնել, որ իրենք ընդամենը բարեկարգելու են տարածքը:
Մյուս սրճարանի աշխղեկ Հարություն Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցնում էր, որ իրենք բնությանը ոչ մի վնաս չեն տվել: Միայն 2 ծառ են արմատներով տեղափոխել, որոնք,ըստ նրա, նույնիսկ թունավոր են: Նրա ասելով` կա մի ծառ, որը խոչընդոտում էր շինարարությանը, սակայն դրան ձեռք չեն տվել, շրջանցել են` փոքրացնելով շինարարությունը: Այս շինհրապարակն ընդգրկում է մոտ 1200 քառ. մետր տարածք եւ լինելու է 5 հարկանի ժամանցային համալիր, որի 2 հարկը կլինի ստորգետնյա: Երկու սրճարանների կառուցումը նախատեսվել է ավարտել մինչեւ տարվա վերջ:
Այս սրճարանների կառուցումը բազմաթիվ դժգոհությունների առիթ է հանդիսացել: Հարեւանությամբ գտնվող Ազգային գրադարանի աշխատակիցներն ու ընթերցողները նույնպես դժգոհում են: Պատճառը պարզ է` աղմուկ, փոշի, իսկ հետագայում նաեւ` այդ սրճարաններից հնչող բարձր երաժշտություն:
Գրադարանի փոխտնօրեն Ռաֆայել Ղազարյանը մեզ ասաց, որ իրենք եւս դիմել են համապատասխան ատյաններին, սակայն ապարդյուն. «Գրադարանը պետք է ունենա լռության գոտի, թթվածին, իսկ հիմա բերել ու շինություններ են կառուցում»:
Իր բառերով, 40 տարվա ընթերցող, պատմաբան, Ռաֆայել Թադեւոսյանը եւս դեմ է: Ըստ նրա` սկսվել է մի շարժում, որը առաջնորդվում է «Կորչի բնությունը, կանաչը», «Կեցցե անճաշակ ճարտարապետությունը» կարգախոսերով:
Հատկապես Ազգային գրադարանին հարակից տարածքում նման շինությունների առկայությունը, ըստ նրա` տհաճ է. «Սա գրքի պահեստ չէ եւ ընթերցողի համար առաջին հերթին լռություն է հարկավոր: Ես չգիտեմ` ոմանք դա կհասկանան, թե ոչ, քանի որ հասկանալու համար նախ եւ առաջ պետք է ընթերցող լինել ու գալ տեղում աշխատել»:
Ապրիլ 07, 2010
