Բերման է ենթարկվել Դավթաշենում ապօրինի ծառահատումներ իրականացնողը

Բերման է  ենթարկվել Դավթաշենում ապօրինի ծառահատումներ իրականացնողը

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել օրեր առաջ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում զանգվածային ծառահատումներ իրականացնողը: Ծառահատումն իրականացվել է Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց: Հատվել է 23 բարդի:

Ոստիկանության ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին՝ ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Նշենք, որ Դավթաշենում ապօրինի ծառահատումները պատկերող լուսանկարները տարածել էին Facebook սոցիալական ցանցի օգտատերերը: Լուսանկարներում երևում է՝ ինչպես են գրեթե հիմքից հատվել բազմաթիվ ծառեր՝ փողոցի ամբողջ երկայնքով: Սոցիալական ցանցում վրդովմունքի ալիք էր բարձրացրել: Դեպքին արձագանքել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Քաղաքապետն այս դեպքը որակել էր որպես «վանդալիզմ»:

«Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է...Վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ, և օրենքն էլ թույլ է տալիս նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին...Բոլորը պետք է իմանան, որ ցանկացած ապօրինի ծառահատում մեր կողմից երբեք չի արդարացվելու», - մասնավորապես ասել է Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«ՖԲ-ում բուռն քննարկման առարկա է դարձել Դավթաշենում ծառերի հատման թեման, որը հարուցել է մարդկանց արդարացի զայրույթը։ Միանգամից նշեմ՝ կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։ Ծառերը հատվել են գիշերը...Վստահ եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս արարքի հեղինակը պատժվի օրենքի ամենայն խստությամբ», - գրել էր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում։



Լուսանկարները՝ ՀՀ ոստիկանության կայքի:

Ապրիլ 10, 2017 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր