

Քրիստինե Աղալարյան, Հետք
Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ԲՆ նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ Բնապահպապանական պետական տեսչության աշխատակիցները այցելել են Խանջյան 27 հասցե, որտեղ նախօրեին ծառահատում էր կատարվել:
Տեղում պարզվել է, որ հատվել է թեղի տեսակի, 23-33 սմ տրամագծով 4 ծառ: Ծառահատումն իրականացրել է Էդգար Մարկոսյանը, ում նկատմամբ կիրառվել է 50 հազար դրամ վարչական տույժ, և բնությանը հասցրած վնասը հաշվարկվել է 380 հազար դրամ: Գումարն արդեն վճարվել է պետբյուջե: Էդգար Մարկոսյանը «Լևոն Ամիրխանյան» շինարարական կազմակերպության աշխատակիցն է:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ հերթական շինությունը կառուցելու համար ապրիլի 27-ին 4 ծառ էր հատվել: Իսկ տեղում բարձրահարկ շինություն է կառուցվելու:
ՀԵՐԹԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ` ԾԱՌԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Քրիստինե Աղալարյան, Հետք
Ֆուտբոլի ֆեդերացիայի` Խանջյան 27 հասցեի հարևանությամբ, խոյանալու է հերթական էլիտար շինությունը: Այնտեղ այսօր ծառեր են հատվել: Բանվորների տվյալներով` 6 ամիս է` շինարարությունը կասեցված էր, քանի որ թույլտվություն չկար: Այժմ ստացել են թուլտվություն, և շինարարական աշխատանքները վերսկվել են: Նրանք նաև ասացին, որ հատված ծառերի գոյացած կույտը ընդամենը իրենց կտրած 4 ծառերից է առաջացել:
Բնապահպանական պետական տեսչությունը տեղյակ չէր ծառահատման մասին, բայց խոստացան վաղը ևեթ պարզել մանրամասները:
Ապրիլ 30, 2010
