

Հայք
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանի բաց թունաքիմիկատները լուրջ էկոլոգիական աղետի կարող են հանգեցնել: Համենայն դեպս, նման կարծիք ունեն բնապահպանները եւ մասնագետները: Իսկ ամենատարօրինակն այն է, որ այս տարվա փետրվարի վերջին գերեզմանի վրայի երկու մետր հողաշերտը անհայտ անձինք հեռացրել են, ինչի պատճառով թունաքիմիկատներն այժմ բաց վիճակում են եւ լուրջ վտանգ են ներկայացնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ հարակից գյուղերի բնակչության առողջությանը: Ցանկացած առողջ հասարակություն ունեցող երկրում այս խնդիրը կդառնար ամենագլխավորներից մեկը, իսկ իրավապահներն ամեն ինչ կանեին պարզելու, թե այդ ով կամ ովքեր են որոշել բացել թունաքիմիկատները:
Հայ իրավապահները, ամենայն հավանականությամբ, ավելի լուրջ գործեր ունեն: Նրանք կարող են մանր գողության մեջ կասկածվողներին բռնել եւ այնքան ծեծել, որ հասցնեն ինքնասպանության, բայց թունաքիմիկատների գերեզման բացողների ետեւից չեն ընկնում: Արդեն չորրորդ ամիսն է Երեւանի վրա կախված թունաքիմիկատները լուրջ վտանգ են ներկայացնում մայրաքաղաքին եւ Արարատյան դաշտին, բայց համապատասխան մարմինները ձեռքները գրպանները դրած սուլելով քայլում են եւ ինչ-ինչ ծրագրերից եւ առաջընթացից խոսում: Ավելին, գտնվում են պաշտոնյաներ, որոնք պնդում են, թե որեւէ վտանգ էլ չկա: Իսկ եթե այդպես է, ապա համապատասխան մարմինները պետք է պատժի ենթարկեն նրանց, ովքեր ստահոդ տեղեկություններ են տարածում եւ գցում երեւանցիների տրամադրությունը:
Ամենայն հավանականությամբ, երեւանցիների տրամադրությունը չի ցանկանում գցել նաեւ առողջապահության նախարարությունը, որի փորձագետներն այդպես էլ չեն հրապարակում իրենց փորձաքննության արդյունքները, իսկ վախի մթնոլորտը հասել է այն աստիճանի, որ անկախ փորձագետներն էլ սարսափում են անկախ հետազոտություն իրականացնել եւ հրապարակել իրենց անունները: Իսկ Սերժ Սարգսյանը երեկ Չինաստանում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման արարողությանը: Այս ընկերությունը պետք է զբաղվի քլորոպրենային կաուչուկի արտադրությամբ: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլինի Երեւանի էկոլոգիական վիճակը, եթե հանկարծ այս համատեղ ձեռնարկությունը որոշի արտադրություն սկսել «Նաիրիտ» գործարանում: ԻՀարկե, կարող են ասել, թե կձեռնարկվեն անվտանգության եւ բնապահպանական անհրաժեշտ միջոցառումներ, բայց մենք լավ գիտենք, որ եթե չինացիները սեփական ժողովրդի առողջության մասին չեն մտածում, ապա հայերի առողջության մասին հաստատ չեն մտածի: Ինչ վերաբերում է վարչախմբին, ապա եթե նրանք թքած ունեն բացված թունաքիմիկատների գերեզմանոցի վրա, ապա հաստատ չնկատելու կտան Երեւանը թունավորող «Նաիրիտ» գործարանը:
Մայիս 07, 2010
