

ԷկոԼուր
Հայաստանում «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Արմօյլ» ընկերությունը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում առանց բնապահպանական փորձաքննության կառուցում է նավթավերամշակման գործարան: Նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով:
Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ից, «ԱրմՕյլ» ընկերությունը որևէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել, և, հետևաբար, չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն:
Գործարանի կառուցումը մեծ աղմուկ է առաջացրել Եղվարդ քաղաքում, բնակիչները իրավիճակը անվանում են «Էկոլոգիական աղետ», իսկ կառուցվող գործարանը` «ատոմային ռումբ»:
Ահազանգին տեղյակ է ՀՀ բնապահպանության նախարարությունը: ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանի փոխանցմամբ, ԲԸՏՄ-ի ղեկավարի կողմից այսօր հարուցվել է վարչական վարույթ` պարզելու համար «ԱրմՕյլ» ընկերության գործունեության օրինականությունը:
Եղվարդցիների ահազանգերին և տեսչական ստուգումներին զուգահեռ «ԱրմՕյլ» ընկերությունը իր պաշտոնական կայքում հայտարարում է, որ Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքները ընթանում են ամբողջ ուժով, և որ տարածաշրջանում միակ նավթամթերքի վերամշակման գործարանը շուտով կգործի: Ընկերությունը պլանավորում է գործարանը բացել հենց այս տարի, դրանով էլ պայմանավորել է ակտիվ շինաշխատանքները Եղվարդում:
Լուսանկարը վերցված է «Արմօյլ»ընկերության կայքէջից:
Հոկտեմբեր 11, 2017 at 16:48
