ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ 10 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ 10 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Արմինֆո

Ուսանողական այգում՝ սրճարանի կառուցման դեմ բաց նամակի ներքո ստորագրել է 10 հազար մարդ: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Facebook-ում ստեղծված «Մենք ենք քաղաքի տերը» խմբի ադմինիստրատոր Արթուր Ավթանդիլյանը, ստորագրահավաքի ակցիան կերկարացվի մինչև մայիսի 14-ը: Ըստ որում, նա չի բացառել սրճարանի կառուցման գործը դատարան հանձնելու հավանականությունը:

«Եթե գործը տեղից չշարժվի, ի՞նչ է մնում անել: Մենք պատրաստ ենք օգտագործել օրենքով նախատեսված բոլոր միջոցները»- ընդգծել է Ա. Ավթանդիլյանը:

Ինչպես նշվում է բաց նամակում, որն ուղարկվելու է ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին, այգին ստեղծվել է գրադարանի այցելուների համար լռություն ապահովելու և ուսանողության հանգստի նպատակով:

«Այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից:Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունն ու վերադարձնել այգին հանրությանը»,- նշվում է նամակում:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի տվյալներով, հանուն սրճարանի՝ հատվել է 20 ծառ, ինչի մասին են վկայում լուսանկարները և տեսանյութերը: ՀՀ բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը դեռևս փորձում են պարզել, թե իրենցից ով պետք է պատասխանատվություն կրի ապօրինի ծառահատման համար, իսկ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Մենք ենք քաղաքի տերը» խումբը, որին ավելի քան 2800 մարդ է մասնակցում: Նրանք են հանդես եկել ՀՀ նախագահին բաց նամակ ուղարկելու նախաձեռնությամբ՝ շինարարությունը դադարեցնելու կոչով:

Մայիս 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր