ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հետք

Այս թեմայով քննարկում է տեղի ունեցել մայիսի 11-ին Գրողների միության Կլոր սրահում: Մասնակիցները դիմում են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Վերջին շրջանում պաշտոնական մակարդակով բարձրաձայնվում է Հայաստանում ոչխարաբուծությունը վերստին զարգացնելու անհրաժեշտության մասին:

Գյուղնախարարը ասուլիսներից մեկում տեղեկացրեց, որ մշակված է ծրագիր, համաձայն որի առաջիկայում մանր եղջերավորի գլխաքանակը կհասցվի մինչև 1,5 միլիոնի («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 27.01.2010): Նրա իսկ վկայությամբ, արտասահմանյան ներդրողներ են հայտնվել, արդեն ներկրվել է 12 հազար գլուխ ոչխար:

Խնդրի կապակցությամբ ՀԳՄ կազմակերպված քննարկման մասնակիցներս կտրականապես դեմ ենք նշված ոլորտում տարվող քաղաքականությանը, քանի որ դա հղի է աղետաբեր հետևանքներով:

Մեր համոզումն է` ոչխարաբուծությունը, վնասաբեր ճյուղ լինելուց զատ, էապես խոչընդոտում է խոշոր եղջերավոր անասնապահության, ինչպես նաև մեղվաբուծության զարգացմանը, հիմնավոր պատճառ է հողերի էրոզացման, աղբյուրների ցամաքելու, գետերի սակավաջրության, վայրի կենդանական ու բուսական աշխարհի աղքատացման…

Աշխարհում ամենուրեք առկա է ոչխարի գլխաքանակի կրճատում, զարգացած կաթնամսային անասնապահություն ունեցող պետություններից ոչ մեկում մանրը էական քանակ չի կազմել և չի կազմում (Շվեյցարիա` 200, Շվեդիա`180, Բելգիա`100, Հոլանդիա` 10 հազար…), մինչդեռ մենք, եվրոպական, ամերիկյան առաջավոր փորձը թողած, հետևում ենք ասիական հետամնաց երկրներին, որտեղ հակառակ պատկերն է (Իրան` 48,1, Պակիստան` 53, Թուրքիա` 53,5 միլիոն…):

Ճիշտ է, ոչխարաբուծությունը առաջնային ճյուղ է, օրինակ, Ավստրալիայում (պահում են բրդի, ոչ թե մսի կամ կաթի համար), բայց այնտեղ պարտադիր է արգելափակոցային, հերթափոխային արածեցումը, իսկ մեզ մոտ ոչխարի հոտ ու ֆերմա կա անգամ Խոսրովի անտառում:
Մերձավոր ու Միջին Արևելքում, Մոնղոլիայում, Միջին Ասիայում, Եթովպիայում և այլուր հսկայածավալ անապատների առկայությունը, Հունաստանի ու Իսպանիայի լեռնային հողատեսքերի համատարած էրոզացված լինելը պայմանավորված է մանր եղջերավոր անասունի հոծ քանակությամբ:

Երևույթը վտանգալից չափերով առկա է նաև Հայաստանում, քանզի ժամանակին նույնպիսի կոպիտ սխալ թույլ տվեցին խորհրդահայ ղեկավարները, երբ 1934-ից սկսած զարգացրին ոչխարաբուծությունը` 1970-ականներին գլխաքանակը հասցնելով 2,5 միլիոնի:

Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր անասունի թույլատրելի, անվնաս չափը, մեր համոզմամբ, 300-350 հազար գլուխն է (քննարկման մասնակիցներից գյուղնախարարության ներկայացուցչի կարծիքով` 1,0-1,1 միլիոնը), այն էլ` կարգավորված արածեցման պարագայում:
Հակափաստարկը, թե «ոչխարաբուծության զարգացումը սոցիալական խնդիր է լուծում», հիմնավոր չէ, քանզի 2007-ին արտադրվել է 210 հազար լիտր ավելի կաթ, քան 1990-ին և դա` շնորհիվ մանր եղջերավոր անասունի գլխաքանակի կրճատման, ինչը հնարավորություն տվեց առկա կերաբաժինը տրամադրել խոշորին:

Ուղին, որով պիտի ընթանա անասնապահության ոլորտը, ՀՀ կառավարության աջակցությամբ բարձր մթերայնություն ապահովող տավարաբուծությանը զարկ տալն է` շարունակելով ներկրել բարձր մթերատու ցեղեր:

Այդ դեպքում հաստատապես կդառնանք պարենի առումով ինքնաբավ երկիր, լերկացող լեռնալանջերը տասնամյակներ անց կշտկեն ուսերը, աչքներս կշոյի կանաչը, ցամաքած աղբյուրներից ջուր կբխի, կշատանա վայրի կենդանին… Միով բանիվ, ինչպես ժողովուրդն է ասում, «և գաթան լրիվ կմնա և ժողովուրդը կուշտ կլինի»:

Անթույլատրելի համարելով ՀՀ-ում մանր եղջերավոր անասունի գլխաքանակի մեծացումը և մտահոգված վերջին զարգացումներով, ինչպես նաև ելնելով ՄԱԿ-ի հաստատած «Բնության պաշտպանության համաշխարհային խարտիայի» դրույթներից, որն անդամ պետություններին պարտավորեցնում է պահպանել մոլորակը և նրա բնական հարստությունները` դիմում ենք Ձեզ` կցելով ՀԳՄ Կլոր սրահում կազմակերպված քննարկման զեկույցը»:

Մայիս 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր