ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ Է ՀԻՄՆՎԵԼՈՒ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ Է ՀԻՄՆՎԵԼՈՒ

Պանորամա

Երևանի Հրազդանի կիրճում՝  Դավթաշենի կամրջին հարող հատվածում, նախատեսվում է բոլորովին նոր, ժամանակակից կենդանաբանական և բուսաբանական այգի հիմնել: Այգին հիմնելու վերաբերյալ հարցերն արդեն քննարկվել են քաղաքապետարանում՝ Ամստերդամի և Սինգապուրի կենդանաբանական այգիների ու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի տնօրենների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էսքիզները պատրաստ են, ներկայացվել են քաղաքապետին: Նա հավանություն է տվել ու խոստացել աջակցել:

Համաձայն նախագծի` հանգստի այս գոտում երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու տարբեր բուսատեսակներ, կենդանիներ, թռչուններ, որոնք բնորոշ են մեր կլիմայական պայմաններին: Նախատեսվում է, որ այգում կբնակվեն նաև մի շարք կենդանատեսակներ, որոնք Կարմիր գրքում են գրանցված: Այդպիսով նաև վերացման վտանգից կփրկվեն և կբազմացվեն դրանք:

Նախագծի համաձայն` հանգստի գոտուց բացի այստեղ կգործեն նաև գիտահետազոտական կենտրոն և քոլեջ, որտեղ կարող են սովորել ուսանողներ հարավկովկասյան տարածաշրջանից` մասնագիտանալով բնապահպանության ոլորտում: Այգու բնակիչների համար բնական հարազատ միջավայր կձևավորվի` համապատասխան գեղարվեստական լուսավորությամբ զուգակցված: Կլինեն նաև արհեստական ջրվեժներ ու լճակներ: Այգում կլինեն այցելուների լիարժեք հանգիստը կազմակերպելուն անհրաժեշտ բոլոր պայմանները:

Քաղաքապետարանից միաժամանկ նշում են, որ դրան զուգահեռ կշարունակի զարգանալ այսօր գործող 60-ամյա կենդանաբանական այգին:

Մայիս 17, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր