

ԷկոԼուր
Փետրվարի 3-ին «Հետք» լրատվական կայքում ահազանգ հնչեց, որ Երևանի Կոնգրես հյուրանոցի դիմացի այգում ծառեր են հատում: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, իսկ այսօր առավոտյան հատված ծառերով տարածքը նկարահանել էր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Հրապարակված տեսանյութում այգին հիշեցնում էր շինարարական հրապարակ:
Արձագանքելով ահազանգին, Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն՝ խոստանալով հատված ծառերը փոխարինել քառապատիկ ավելի բարձրարժեք նոր ծառերով:
«Մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Փետրվար 05, 2018 at 19:35
