

ԱրմԻնֆո
Հայ բնապահպանները մտադիր են շարունակել «Նեմո» դելֆինարիայի դեմ պայքարը:
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դելֆինարիան փակեն: Հայաստանում դելֆինները չպետք է շահագործվեն, և մենք վստահ ենք, որ կհասնենք դրան»,-ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանը:
Նա նշել է, որ եվրոպացի և ամերիկացի գիտնականների աշխատություններում ասվում է, որ դելֆինները պետք է ապրեն միայն ծովի ջրում:
«Երևանում այդ պայմանները չեն պահպանվում, և միայն դա բավարար է Հայաստանից դելֆիններին դուրս բերելու համար»,- նշել է Ադամյանը:
Փորձագետն ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Բնապահպանության նախարարությունը սկսել է դելֆինարիայի փորձաքննություն անցկացնել այն բացվելուց շուրջ 3 ամիս անց միայն:
«Այն, որ փորձաքննությունն անցկացվում է միայն հիմա, արդեն հակասում է օրենքին, քանի որ այն պետք է անեին մինչև դելֆինարիայի կառուցումը»,- ընդգծել է նա:
Մեկնաբանելով Վարչական դատարանի կողմից նախարարության դեմ «Թռչնասերների կենտրոնի» և «Էկոդարի» հայցի մերժումը` Ադամյանն ուշադրությունը հրավիրել է հետաքրքրիր փաստի վրա. «Ավելի վաղ մենք դիմել ենք Բնապահպանության նախարարությանը` մեզ շրջակա միջավայրի փորձաքննության փաստաթղթեր տրամադրելու պահանջով, սակայն նախարարությունը պատասխանել է, որ նման փաստաթղթեր չունի: Դատավորը պետք է ուշադրություն դարձներ այդ նամակին, քանի որ այն ինքնին բավարար հիմք էր դատական գործընթաց սկսելու համար»: Նա նշել է, որ հիշյալ դատավճիռը բողոքարկվելու է:
«Կարծում եմ, որ դատական գործընթացը կունենա շարունակություն»,- ասել է Ադամյանը:
Ապրիլ 08, 2011
