«Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ն եւս մի մասնաճյուղ է կառուցում Հաղթանակի զբոսայգում

«Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ն եւս մի մասնաճյուղ  է կառուցում  Հաղթանակի զբոսայգում

ԷկոԼուր

Հուլիսի 18-ին` ժամը 12.00-ին, Երևանի Ազատության պող. 2/2 հասցեում («Գոլդեն Փելիս հյուրանոց» ՍՊԸ շենք) տեղի կունենան հյուրանոցի 4-րդ  մասնաշենքի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ  հասարակական լսումները:

Նոր մասնաշենքը նախատեսված է կառուցել գոյություն ունեցող կառույցի ետնամասում` «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1.7 հա մակերեսով հողատարածքի վրա:

Նախագծի համաձայն` նոր մասնաշենքի կառուցման ընթացքում ծառահատումներ չեն նախատեսվում: Տեղի է ունեցել թվով 3 եղևնու տեղահանում, որոնք վերատնկվել են հյուրանոցային համալիրի տարածքում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է կանաչապատել լրացուցիչ 730մ2 տարածք:

Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կառուցվել է Հաղթանակ զբոսայգու տարածքում, ինչին դեմ արտահայտվեց բնապահպանական հասարակայնությունը: Շինարարության ժամանակ հատվեցին բազմաթիվ ծառեր, ինչի համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց եւ տուգանքի ակտեր չկազմվեցին:

Նշենք, որ թեպետ փորձաքննությունը դեռ չի ավարտվել եւ հյուրանոցի մասնաճյուղի կառուցման նախագիծը դեռ դրական եզրակացություն չի ստացել, սակայն շինարարությունը վաղուց է սկսվել: Սրանով խախտվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: Հյուրանոցի մասնաճյուղի շնարարության մասին ավելի մանրամասն` «Առավոտ» օրաթերթի 201ձթ-ի ապրիլի 28-ի նյութում:

«Հաղթանակ» զբոսայգինուտուշ-խմուշի» այգի

Նելլի Բաբայան, http://www.aravot.am/2014/04/28/455641/

«Հաղթանակ» զբոսայգուց մոտ ապագայում բան չի մնա. երբեմնի ծառաշատ ու երեւանցիների հանգստի ու զբոսանքի սիրելի տարածքից` նախկինում մոտ 120 հեկտարից այժմ ընդամենը 25 հեկտարն է մնացել: Տարիներ առաջ կառավարության տարբեր որոշումներով այգու տարածքից «յուղոտ կտորներ» օտարվել են եւ տրվել տարբեր գործարարների` հյուրանոցներ, սեփական տներ ու զվարճանքի օբյեկտներ կառուցելու համար: PrevPhoto NextPhoto Օրերս էլ երգիչ Արթուր Իսպիրյանն ահազանգել էր, որ զբոսայգում նորից հյուրանոց է կառուցվում` կանաչ տարածքի հաշվին, ընդ որում, երգչի պնդմամբ` այգու մի հատված վերածվել է «Սովետաշենի աղբանոցի», քանի որ օբյեկտատերն ու շինարարություն իրականացնողները աղբը թափում են տեղանքում: Մեր այցելության պահին արդեն աղբ կամ աղբանոց չկար, հավանաբար երգչի ահազանգելուց հետո տարածքը մաքրվել էր: Իսկ ինչ վերաբերում է հյուրանոցի շինարարությանը՝ նշենք, որ շինարարությունն իրականացվում է «Գոլդեն Փելիս» հյուրանոցին կից եւ արդեն բավականին մեծ աշխատանք էր կատարված. ծառեր հատվել են, թե` ոչ, դժվար է ասել, քանի որ շենքի մի քանի հարկն արդեն կառուցված է, եւ եթե ծառեր էլ հատվել են, ապա հետքերը վերացված են: «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կարեն Ջանոյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ շինարարության հենց սկզբից ոչ մի ծառ չի տուժել. «Մենք դեկտեմբերից սկսել ենք շինարարությունը, որի թույլտվությունը ստացել ենք անցյալ տարվա աշնանը, շինարարության սկզբին էլ աղմուկ բարձրացրեցին, թե ծառեր ենք հատել, լրատվամիջոցներ, տարբեր մարդիկ այդ ժամանակ եկան տեսան, որ ես ոչ մի ծառ չեմ կտրել: 3 ծառ է եղել, 3-ն էլ` տեղափոխել եմ: Տեղյակ եմ, որ Արթուր Իսպիրյանը խնդիրը բարձրացրել է, գրել է, որ «Սովետաշենի աղբանոց ենք դարձրել: Ես էլ ասում եմ` նույն հաջողությամբ Արթուր Իսպիրյանը կարող էր «Սովետաշենի աղբանոցը» նկարել ու տեղադրել իր էջում, իբր մեզ մոտ է եւ տպավորությունն այնպիսին էր, թե հյուրանոցն իր կողքին աղբանոց է սարքել: Գիտեք ի՞նչ` աղբանոցի տարածքի հետ մենք ընդհանրապես կապ չունենք, եւ աղբահոտը մեզ ձեռք չի տալիս, ես ինչպե՞ս կարող եմ զբոսաշրջիկ բերել գարշահոտի մեջ, մարդ կմնա մի հյուրանոցում, որտեղ գարշահոտ է»: Մեր այն հարցին, թե նոր շինարարության համար, ե՞րբ է հողատարածքը ձեռք բերվել, պարոն Ջանոյանն ասաց. «2005 թվականից հետո ոչինչ չի փոխվել, այս տարածքը ընկերությունը ձեռք է բերել տարիներ առաջ, իսկ անցյալ տարվա աշնան էլ շինթույլտվությունն ենք սկսել, եւ սա նույն հյուրանոցի շարունակությունն է»: Հիշեցնենք, որ հենց 2005 թվականին էլ մեծ շուքով բացվեց այս հյուրանոցը, որի սեփականատերերի մի քանի անունների հետ շրջանառվում էին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի եւ էկոնոմիկայի ներկայիս նախարար Կարեն Ճշմարիտյանի անունները: Երբ շրջում էինք «Հաղթանակ» զբոսայգու տարածքում այն, կարելի է ասել բարձիթողի վիճակում էր. այգում ժամանցի տարատեսակ ծառայություններ կազմակերպող ընկերությունների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ամբողջ տարածքում հազիվ 4 հոգի մարդ է աշխատում` որպես ծառերը խնամող, էտող, բայց խողովակներն էլ այնքան հին են, որ նորմալ ոռոգում էլ չի կատարվում. «Այգուն նորմալ տիրություն անող չկա, մի օր էս եղածն էլ չի լինի, որ նայեք կտեսնեք` «կռուգոմ» կամ հյուրանոց ա, կամ սեփական տուն ու «ուտուշ-խմուշի» տեղեր» են: Անունը փոխելու ենք դնենք «ուտուշ-խմուշի» այգի»:

Լուսանկարը` www.aravot.am կայքի

Հուլիս 14, 2014 at 13:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր