

ԷկոԼուր
Հուլիսի 7-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրեցին «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի պայմանագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից՝ 20 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումարով:
«Այսօր ստորագրվում է աննախադեպ փաստաթուղթ` բնապահպանության ոլորտում առաջին և առայժմ խոշորագույն դրամաշնորհային ծրագիրը՝ միտված շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը», - նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նախարարի՝ ծրագիրը կոտրելու է այն կարծրատիպը, ըստ որի բնապահպանությունը էականորեն խանգարում է տնտեսական առաջընթացին: ««Էներգետիկ աղքատություն»-ը, որը միջազգային չափանիշ է, բնորոշ է նաև Հայաստանին: Վերլուծությունները փաստում են, որ մեզ մոտ «էներգետիկ աղքատություն»-ը հասնում է 30 տոկոսի, և այս ծրագիրը նաև ուղղված է սոցիալական այս կարգավիճակի փոփոխմանը: Ծրագրի արդյունքում մենք կունենանք հարյուրավոր հանրային և բազմաբնակարանային շենքերում էներգաարդյունավետության համակարգի ներդրում, առնվազն 50 տոկոս էներգախնայողություն, ի վերջո, ջերմոցային գազերի արտանետումների էական կրճատում: Կարևոր զարգացումներից մեկն էլ այն է լինելու, որ մենք շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի հնարավոր ֆինանսավորման դուռ կարող ենք բացել արդյունավետ իրականացման դեպքում: Սա իսկապես ձեռքբերում կարող է լինել», - շեշտեց Արծվիկ Մինասյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն վստահություն հայտնեց, որ ծրագիրն իր նպաստն է բերելու Հայաստանի ոչ միայն էներգետիկ, այլ նաև ազգային անվտանգության հարցերում:
«Երևանի քաղաքապետարանի անունից վստահեցնում եմ՝ ամեն ինչ կանենք ծրագրի բարձր արդյունավետությունն ապահովելու համար», - նշեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Ծրագրի շրջանակներում՝ շենքերում ջերմամեկուսացման միջոցով նախատեսվում է ապահովել շուրջ 50-60 տոկոս էներգախնայողություն, բյուջեի տնտեսում, 20 տարվա ընթացքում 5.1-ից մինչև 5.4 մլն տոննա ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում:
Հուլիս 07, 2017 at 15:06