

ԷկոԼուր
Հայաստանում բուռն ներքաղաքական փոփոխությունների ֆոնին Կլիմայի միջազգային օրը, որն ավանդաբար նշվում է մայիսի 15-ին, անցավ աննկատ: Սակայն արդեն հիմա մենք տեսնում ենք աղետալի հետևանքները բնական կատակլիզմների տեսքով`ջրային ռեսուրսների և բերրի հողերի կորուստ, հիվանդացությունների աճ: Միջազգային հանրությունը քննարկում է գործողություններ, թե ինչպես է պետք դիմակայել գլոբալ երևույթներին: Եւ Հայաստանը, լինելով խոցելի տարածք, չի կարող մնալ այդ գործընթացներից դուրս: Հայաստանը ստորագրել և վավերացրել է գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 2 աստիճանի մակարդակում պահելու մասին Փարիզյան համաձայնագիրը: Երկրի կողմից վերցված պարտավորությունները ներառում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատում մինչև 633 միլիոն տոննա և երկրի տարածքում անտառապատում մինչև 20.1 %: Նաև Հայաստանը պետք է ջանքեր գործադրի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և ադապտացման համար: Հատկապես կարևոր է ջրային ռեսուրսների խնայումը, քանի որ, ըստ սցենարի, 2100 թվականին կարելի է սպասել, որ գետային հոսքերը կնվազեն ավելի քան 30%-ով, եթե ջերմաստիճանի բարձրացման տեմպերը չհաջողվի կանգնեցնել:
Կլիմայի միջազգային օրը պարտավորությունների օր է, որոնք պետք է կատարել:
Մայիս 15, 2018 at 18:05