1,5 մլրդ դոլարի կորուստ Հայաստանում՝ կլիմայական ճգնաժամի հետևանքով

1,5 մլրդ դոլարի կորուստ Հայաստանում՝ կլիմայական ճգնաժամի հետևանքով

Կլիմայական ճգնաժամի հետևանքով Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի կորուստ է ունեցել: ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքի համաձայն՝ այդ կորուստների պատճառն են դարձել ջրհեղեղները, երկրաշարժերը, երաշտը, կարկուտը, գարնանային ցրտերը և սելավները:

«Ուժեղ ցնցումները հսկայական մարտահրավերներ են ստեղծում ազգային զարգացման համար և բացասական ազդեցություն են թողնում մարդկանց, իրենց ապրուստի և տնտեսության վրա: Կլիմայի վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2100 թվականը հանրապետությունում ջերմաստիճանը կարող է բարձրանալ 4,7° C- ով ՝ զուգորդվելով միջին տարեկան տեղումների 8,3% նվազման հետ, որը կազդի բնական համակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և պարենային ապահովության, առողջության, ենթակառուցվածքների վրա:

Ընդունելով կլիմայի փոփոխության հետևանքները տարբեր ոլորտների և պարենային ապահովության վրա, ՀՀ կառավարությունը ձեռնարկում է գործողություններ՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն աջակցելու համար՝ միաժամանակ շեշտը դնելով կլիմայի փոփոխության հետ կապված ծրագրերի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակից նաև հայտնում են, որ աշխարհը կբախվի կլիմայական ճգնաժամի հետևանքով առաջացած սովի աննախադեպ աճի, եթե համայնքներին կլիմայական ցնցումներին և սթրեսներին հարմարվելու համաշխարհային հրատապ գործողությունն անտեսվի: Այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ:

«Կլիմայական ճգնաժամը մարդկությանը ճնշելու ներուժ ունի: Աշխարհը պատրաստ չէ սովի աննախադեպ աճին, որը մենք կտեսնենք, եթե ներդրումներ չանենք այնպիսի ծրագրերում, որոնք օգնում են խոցելի համայնքներին հարմարվել և կայունություն ստեղծել կլիմայական փոփոխությունների հանդեպ», -  ասել է ՊՀԾ գործադիր տնօրեն՝ Դեյվիդ Բիզլին:

Հոկտեմբեր 18, 2021 at 14:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր