COP-26-ի պատմական հռչակագիրը. համաշխարհային առաջնորդները և խոշոր կորպորացիաները պարտավորվել են վերականգնել անտառները

COP-26-ի պատմական հռչակագիրը. համաշխարհային առաջնորդները և խոշոր կորպորացիաները պարտավորվել են վերականգնել անտառները

Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26) ընդունվել է պատմական հռչակագիր. COP-26-ի մասնակիցներն իրենց վրա վերցրել են պարտավորություն պահպանել և վերականգնել անտառները: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը՝ նշելով, որ անտառը մոլորակի վրա բնակվող մոտ 1,6 միլիարդ մարդու ապրուստի աղբյուրն է:

Հռչակագիրը ստորագրած պետությունների և կառավարությունների ղեկավարները խոստանում են ակտիվացնել անտառների և այլ ցամաքային էկոհամակարգերի պահպանմանն ուղղված ընդհանուր ջանքերը, ինչպես նաև արագացնել դրանց վերականգնումը։ Հռչակագրի տեքստում նշված է բնական ռեսուրսների գերշահագործման և անտառների դեգրադացիայի հետևանքով տառապող բնիկ ժողովուրդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:

Հռչակագրում ներառված են նաև ֆինանսական պարտավորություններ: Բացի պետություններից և կառավարություններից այն ստորագրել է ավելի քան 30 ֆինանսական հաստատություն, որոնց ընդհանուր կապիտալը կազմում է 8,7 տրիլիոն դոլար:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ 110 երկիր, որոնց բաժին է ընկնում աշխարհի անտառների 85 տոկոսը, ստորագրել են հռչակագիրը՝ խոստանալով դադարեցնել անտառային տարածքների կրճատման գործընթացը մինչև 2030 թվականը, այնուհետև սկսել վերականգնել դրանք։ Ջոնսոնն ընդգծել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և Բրազիլիան նույնպես միացել են այդ խոստմանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով նշել է, որ աշխարհի անտառածածկ տարածքի 20 տոկոսը գտնվում է Ռուսաստանում. «Մենք ձեռնարկում ենք ամենալուրջ քայլերը մեր անտառները պահպանելու համար. բարելավում ենք անտառտնտեսության կառավարումը, պայքարում ենք ապօրինի ծառահատումների և անտառային հրդեհների դեմ, մեծացնում ենք անտառվերականգնման տարածքները և հետևողականորեն ավելացնում այդ նպատակների համար ֆինանսավորումը»։

Նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն վերականգնում է մոտ 20 միլիոն հեկտար անտառային տարածք և շուտով կհայտարարի անտառահատումները նվազեցնելու նոր ծրագրի մասին:

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը խոստացել է իր «Երկրի հիմնադրամ»-ից ևս 2 միլիարդ դոլար հատկացնել կենսաբազմազանության վերականգնման և գյուղատնտեսական համակարգերի փոխակերպման համար: Այդ նպատակով սեպտեմբերին նրա հիմնադրամն արդեն մեկ միլիարդ դոլար հատկացրել է:

Լուսանկար՝ Unsplash / Սեբաստիան Ունրաու

Նոյեմբեր 03, 2021 at 13:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր