WWF-Հայաստան-ի աջակցությամբ Հայաստանում ձևավորվում է համայնքային բնապահպանական մշակույթ

WWF-Հայաստան-ի աջակցությամբ Հայաստանում ձևավորվում է համայնքային բնապահպանական մշակույթ

Բնության հետ հաշտ ապրելը, կենսաբազմազանությանը չվնասելն ու բնական ռեսուրսները չչարաշահելը համայնքների զարգացման գրավականը կարող են դառնալ: Այդ նպատակների կյանքի կոչմանն է միտված Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II ծրագիրը: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է դեռևս 2015թ.՝ նպատակ ունենալով շահառու բնակավայրերում ստեղծել էկոմիջանցնքներ և անմիջականորեն ներգրավել տեղի բնակիչներին բնության պահպանության գործընթացներում: Բնակիչները ծրագրի շնորհիվ ձեռք են բերել նոր մասնագիտություն՝ դառնալով բնապահպանական տարածքների տեսուչ, և ավելացվել են նրանց եկամուտները՝ ստացված տեսուչի աշխատավարձից: 

Ծրագրի աջակցությամբ Հայաստանի երեք մարզերում` Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում արդեն ձևավորվել է շուրջ 37,000 հեկտար համայնքային բնապահպանական տարածք` կայուն կառավարման և հիմնական բնապահպանական գոտիներով: 

«Բնապահպանությունը միայն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում չէ, բնապահպանությունը՝ համայնքի ու մարդու մասնակցությունն է: Էկոմիջանցնքների ծրագրով Հայաստանում բնապահպանական նոր ինստիտուտ ենք ստեղծում՝ համայնքային բնապահպանություն: Աշխատում ենք համայնքի հետ,  օգնում ենք ձևավորել համայնքահեն բնապահպանական կառույցներ, օգնում ենք համայնքին մշակել բնապահպանական ծրագիր: Ծրագրի աջակցությամբ համայնքը իրականացնում է իրենց տարածքի թիրախային կենդանիների մշտադիտարկում, օգնում է կանխել ապօրինի գործունեությունը», - ասաց «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II ծրագրի ազգային համակարգող Արմեն Շահբազյանը:

2021թ. մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը: Ներկայում ծրագրում ընդգրկված են Հայաստանի 4 մարզերի 16 բնակավայրեր, այն է՝ Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ, Մարգահովիտ, Եղեգնուտ, Թումանյան համայնքի Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Սյունիքի մարզի Շաղատ, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հերմոն, Շատին, Գլաձոր, Վերնաշեն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար, Ենոքավան:

Շահառու համայնքներն ունեն քարտեզ, որտեղ ցուցադրված են թիրախային կենդանիների պահպանության հիմնական գոտիներն ու կայուն կառավարման, կամ բուֆերային գոտիները:

Համայնքի մասնակցությունը ծրագրի մեջ խթանելու և բնապահպանական տեսլական ձևավորելու համար օգտագործվում է ֆինանսական մասնակցային մոտեցումը, որն իրականացվում է բնակիչների շրջանում մրցույթներ անցկացնելու միջոցով: Մրցույթների նպատակն է վեր հանել բնակավայրերում բնակենտրոն ծրագրերի իրականացմանն ուղղված ծրագրեր, որոնք միաժամանակ նպատակ ունեն խթանել բնակավայրերի կայուն զարգացումը: Օրերս Վանաձորում ամփոփվեցին Լոռու մարզի Փամբակ և Թումանյան համայնքների 7 բնակավայրերի և ընտանիքների համար կազմակերպված մրցույթների արդյունքները:

«Մրցույթների միջոցով, որոնք անցկացնում են երիտասարդների, ընտանքիների և համայնքների միջև, օգնում ենք մտածել կենդանական աշխարհի պահպանության մասին, իրենց համայնքի տեսլականի մասին», - ընդգծեց Արմեն Շահբազյանը:

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II ծրագրին զուգահեռ WWF-Հայաստանի կողմից 2022թ. իրականացվում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց. «Էկոլոգիական միջանցքի հիմնական գաղափարախոսությունը կենսաբազմազանության պահպանությունն է տեղի բնակիչների ներգրավմամբ: Երկրորդ ծրագրի հիմնական նպատակը բնական ռեսուրսների կայուն օգտագործումն է՝ չվնասելով բնությանը: Այս ծրագրի առաջին բաղադրիչը տեղի բիզնեսին աջակցության ցուցաբերելն է, երկրորդ բաղադրիչն ուղղված է համայնքային կառույցների հզորացմանը, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև կլիմայի մեղմացման գործառույթներին»:

Կարեն Մանվելյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում տեղադրում են արևային մարտկոցներ, որոնք կօգնեն տեղի բնակիչներին խնայել իրենց միջոցները: «Նախատեսում ենք մոտ 40 ԿՎտ-անոց արևային էլեկտրակայաններ տեղադրել: Այդ գումարները կկուտակվեն համայնքապետարանում և կօգտագործվեն գյուղացիների տարբեր փոխհատուցումներ տրամադրելու համար»,- ասաց նա:

Ծրագրի հիմնական խնդիրներից է անտառների պահպանությունն ու պաշտպանությունը: Դրան է միտված թիրախային տարածքներումՙ էկոմիջանցքներում, անտառտնտեսությունների կարողությունների բարձրացումը, պայքարը անտառային հրդեհների դեմ:

«Հրդեհների քանակը գնալով ավելանում է՝ ուղիղ կապ ունենալով գլոբալ տաքացման հետ: Այս տարի սարերում գերթե ձյուն չկար, այդ ամենը բերում է հրդեհների ավելացմանը: Հայաստանը լեռնային երկիր է, տեխնիկան չեն կարողանում հասցնել բարձրադիր վայրեր: Դրա համար պետք է ստեղծել պայմաններ, որ ջուրը վերևում լինի: Նման փորձ արել ենք Խոսրովի արգելոցում, աղբյուրների մոտ տեղադրել ենք բաքեր: Տրամադրելու ենք սարքավորումներ, կլինեն համապատասխան դասընթացներ, որպեզսզի մարդիկ իմանան ինչպես իրենց պահեն հրդեհների դեպքում»,- ասաց Կարեն Մանվելյանը:

Ըստ Կարեն Մանվելյանիՙ ակնկալող արդյունքները տեսանելի կլինեն մի քանի տարի հետո: «Մեր հիմնական նպատակը բնության վիճակի, կենդանական և բուսական աշխարհի բարելավումն է: Կարծում եմ, որ 3-4 տարի հետո Լոռվա անտառներում ավելի շատ կխտարներ կտեսնենք, միգուցե նաև ազնվացեղ եղջերուներ»:

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» ծրագրի երկրորդ փուլի և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերն իրականացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից: «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով: «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով (SDC):



Սեպտեմբեր 18, 2023 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր