Ազատի և Ապարանի ջրամբարների մեռյալ ծավալները կօգտագործվեն

Ազատի և Ապարանի ջրամբարների մեռյալ ծավալները կօգտագործվեն

Ազատի և Ապարանի ջրամբարների մեռյալ ծավալներից ջրառ կիրականցվի՝ Հայաստանում սակավաջրությամբ պայմանավորված ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի՝ 2023թ. սեպտեմբերի 14-ի նիստում: 

Որոշմամբ «Ջրառ» ՓԲԸ-ին թույլ է տրվել Ազատի ջրամբարի 9.2 մլն խմ մեռյալ ծավալից մինչև 5 մլն խմ և Ապարանի ջրամբարի 10 մլն խմ մեռյալ ծավալից մինչև 4 մլն խմ ջրաքանակների ջրառ իրականացնել: 

Որոշման հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում հայտարարված սակավաջրությամբ, այդ թվում՝ Ազատի և Ապարանի ջրամբարներում առկա ջրաքանակի սակավությամբ և շոգ կլիմայական պայմաններում հողատարածքների ոռոգման ջրամատակարարման բարձր պահանջով, ինչպես նաև՝ Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառը հնարավորինս զսպելու հանձնառությամբ:

Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Ազատի ջրամբարը ներկայումս ոռոգման ջրաղբյուր է հանդիսանում շուրջ 800 հա ընդհանուր մակերեսով հողատարածքների համար, ինչպես նաև դոտացիա է իրականացնում Արտաշատի ջրանցքին, որի իշխման տարածքը կազմում է շուրջ 7000 հա: ««Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն՝ սույն թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Արտաշատի ջրանցքի 31 դիտակետում պահանջը կկազմի ընդամենը 16.8 մլն խմ: Ազատի ջրամբարում ս.թ սեպտեմբերի 12-ի դրությամբ փաստացի լցվածությունը կազմում է շուրջ 12.6 մլն մ3 ՝ որից շուրջ 1.5 մլն խմ-ը նախատեսվում է Ազատի քառաստիճանի և Դվինի ջրանցքի ջրալրման ապահովման համար: Հետևաբար «Արտաշատ» ՋՕԸ-ի ջրապահանջը ապահովելու համար անհրաժեշտ կլինի Ազատի ջրամբարի մեռյալ ծավալից օգտագործել շուրջ մինչև 5 մլն խմ  ջուր: Միաժամանակ ջրապահանջի մնացած մասը կապահովվի Մխչյանի 2-րդ աստիճանի պոմպակայանով (շուրջ 8 մլն խմ) և Հրազդան գետ+Սևան (շուրջ 1.9 մլն խմ): 

Ապարանի ջրամբարը ոռոգման ջրաղբյուր է հանդիսանում շուրջ 1800 հա ընդհանուր մակերեսով հողատարածքների համար: Սույն թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ջրամբարի լցվածությունը կազմել է 10.08 մլն խմ, որից 10 մլն խմ-ը հանդիսանում է մեռյալ ծավալ: Ոռոգման շրջանի ընթացքում ջրամբարի իշխման տարածքում ընկած հողատարածքների ոռոգման ջրամատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ կլինի ջրամբարի մեռյալ ծավալից մինչև 4 մլն խմ-ի չափով ջրառ իրականացնել»,- նշված է հիմնավորման մեջ:

Սեպտեմբեր 15, 2023 at 14:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր