

2016թ. Երևանը միացավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Կանաչ քաղաքներ» ծրագրին՝ դառնալով առաջին կանաչ քաղաքն ու ֆինանսավորում ստանալով օդի որակի, կանաչ տարածքների, էներգետիկայի, տրանսպորտի և թափոնների կառավարման հետ կապված հրատապ խնդիրների լուծման համար։ 2023թ. սեպտեմբերին «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը հրապարակել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ պատրաստված տեսանյութ այն մասին, թե որքանով է Հայաստանի մայրաքաղաքը համապատասխանում ծրագրով ստանձնած պարտավորություններին և ինչ անելիքներ կան։
«CEE Bankwatch Network»-ի աջակցությամբ ԷկոԼուրն իրականացրել է «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագիրը, որի շրջանակներում վեր են հանվել մի շարք բացեր։ Ըստ այդմ՝ վերջին 5 տարիների ընթացքում մայրաքաղաքում վատթարացել է օդի որակը, Երևանի բնակիչներին հասանելի չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված մեկ շնչին հասնող կանաչ տարածքի նվազագույն մակերեսը, Նուբարաշենի աղբավայրը չի համապատասխանում կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված միջազգային չափանիշներին և վտանգավոր է երևանցիների անվտանգության ու առողջության համար։
Նշենք, որ շուտով կվերանայվի Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի և ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող կոշտ թափոնների ծրագիրը: Տեսանյութում կոչ է արվում Երևանի բնակիչներին անտարբեր չլինել և մասնակից դառնալ մայրաքաղաքի կանաչ քաղաք դառնալու գործընթացին։
Սեպտեմբեր 22, 2023 at 13:42